Encyclopedia

Մկրտիչ Ա Վանեցի

Հայ եկեղեցու 125-րդ կաթողիկոս, հասարակական-քաղաքական և հոգևոր-մշակութային գործիչ, մտավորական ու գրող Մկրտիչ Ա Վանեցին ծավալել է եռանդուն գործունեություն հայ գյուղացու ծանր վիճակը թեթևացնելու, թուրք և քուրդ աղաների, պետ. պաշտոնյաների հարստահարությունները սահմանափակելու ուղղությամբ:
Ժողովուրդը Մկրտիչ Խրիմյանին մեծարել է «Հայրիկ» պատվանունով: Ժողովրդանվեր գործունեության համար թուրքական կառավարությունը նրան համարել է քաղաքականապես անբարեհույս հոգևորական և փակել դպրոցն ու տպարանը:
 
1868-ին Էջմիածնում օծվել է եպիսկոպոս, 1869-ին Կ. Պոլսի Ազգային ժողովի կողմից ընտրվել է Կ.Պոլսի հայոց պատրիարք:
 
Իբրև պատրիարք Ազգային ժողովի քննարկմանն է դրել Ազգային սահմանադրության վերանայման, գավառահայության հարստահարությունների, գավառների հոգևոր առաջնորդների ընտրության հարցերը: Պայքարել է ողջ արևմտահայության շահերը Ազգային ժողովում ներկայացնելու, գավառական երեսփոխանների թիվը Ազգային ժողովում ավելացնելու համար:
 
Նրա նախաձեռնությամբ ստեղծվել է գավառահայության հարստահարությունները քննող հանձնաժողով, որի կազմած տեղեկագիրը Ազգային ժողովը 1872-ին ներկայացրել է Բ.Դռանը: Այդ գործունեությունը հարուցել է թուրքական կառավարության և Կ.Պոլսի հայ մեծահարուստների դժգոհությունը, որոնց գործադրած սադրանքների պատճառով նա 1873-ի օգոստոսին հրաժարվել է պատրիարքությունից:
 
Իբրև 1878-ի Բեռլինի վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար նախապես այցելել է եվրոպական մեծ տերությունների (Իտալիա, Ֆրանսիա, Անգլիա, Գերմանիա) պետական պաշտոնյաներին, պատրիարքարանի կազմած տեղեկագիրը ներկայացրել Բեռլինի վեհաժողովին՝ հույս ունենալով դիվանագիտական ճանապարհով լուծել Հայկական հարցը:
 
Հիասթափված նրա արդյունքներից՝ շրջադարձ է կատարել դեպի ազգ-ազատագրական պայքարը: 1879-ին ընտրվել է Վասպուրականի հոգևոր առաջնորդ, եռանդուն գործունեություն ծավալել այդ նահանգում, օժանդակել Վանի «Սև խաչ» և Կարինի «Պաշտպան հայրենյաց» ազգ-ազատագր. գաղտնի կազմակերպությունների ստեղծմանն ու գործունեությանը: Նրա անվան հետ կապելով արևմտահայ գավառների ժողովրդական հուզումները՝ 1885-ին Բ.Դուռը նրան կանչել է Կ.Պոլիս:
 
Չնայած խիստ հսկողությանը՝ Խրիմյան Հայրիկն այդտեղ ևս ծավալել է հասարակական գործունեություն: Կրոնական ժողովի ատենապետ Մկրտիչ Խրիմյանը Համագումար ժողովի անունից բողոքագիր է ներկայացրել Բ. Դռանը: 1890-ի Կ.Պոլսի Գում-գափուի ցույցից հետո թուրքական կառավարությունը նրան աքսորել է Երուսաղեմ:
 
1892-ի մայիսին ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս, սակայն սուլթանը չի համաձայնել նրան թուրքահպատակությունից ազատել, և միայն 13 ամիս անց ռուսական ցարի միջնորդությամբ նրան թույլատրվել է ժամանել Էջմիածին:
 
1893-ի սեպտ. 26-ին օծվել է Ամենայն հայոց կաթողիկոս: Հայկական հարցը ռուս. Արքունիքում ներկայացնելու նպատակով Մկրտիչ Ա Վանեցին 1895-ին մեկնել է Պետերբուրգ: Բողոքել է 1894–96-ի համիդյան ջարդերի դեմ, ցար. Արքունիքին հղած տարբեր խնդրագրերով ապահովել հանգանակությունների իրականացումը ռուսական կայսրության հայաբնակ տարածքներում:
 
Նա մեծ ջանքեր է ներդրել կոտորածներից մազապուրծ գաղթականության ֆիզիկական գոյությունն ապահովելու և վերստին երկիր վերադարձնելու համար: Եռանդուն պայքար է մղել հայ եկեղեցապատկան կալվածքները բռնագրավելու մասին ցարական կառավարության 1903-ի հունիսի 12-ի օրենքի կենսագործման դեմ, հրամայել հոգևոր թեմակալ առաջնորդներին՝ չենթարկվել այդ որոշմանը և խոչընդոտել նրա կիրառությանը:
 
Նրա օրոք Էջմիածնում կառուցվել են նոր հյուրանոց, Սինոդի նոր շենք, թանգարան, նոր մատենադարան: Նորացել և հարդարվել են Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (Էջմիածին) Սուրբ Հռիփսիմե և Սուրբ Գայանե եկեղեցիները:
 
Կաթողիկոսական գահին Մկրտիչ Ա Վանեցուն հաջորդել է Մատթեոս Բ Կոստանդնուպոլսեցին:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.