Encyclopedia

Ջեկ Լոնդոն

Ջեկ Լոնդոնը ծնվել է 1876թ.-ի հունվարի 12-ին Սան Ֆրանցիսկոյում: Ընտանիքը հարուստ չէր, և նա, ստիպված թողնելով ուսումը, աշխատել է որպես լրագրավաճառ, գործարանի բանվոր, նավաստի, լվացքատան արդուկող, հնոցապան:

23 տարեկանում նա արդեն մի քանի անգամ ձերբակալվել էր թափառաշրջիկության համար: 1897թ., երբ Ալյասկայում ոսկի էր հայտնաբերվել, շատերի նման «ոսկու տենդով» բռնված, հյուսիս է մեկնել նաև սկսնակ գրող Ջեկ Լոնդոնը:

 

Որոշելով, որ գումար աշխատելու ամենահեշտ միջոցը գրելն է, նա սկսել է ամսագրում կարճ պատմվածքներ հրատարակել, որոնց գլխավոր թեման ծովային ճանապարհորդություններից և Ալյասկայից ստացած անձնական տպավորություններն էին:
 
1899թ.-ից հրատարակել է պատմվածքներ, որոնք հետագայում զետեղվել են «Գայլի որդին», «Նրա նախնիների աստվածը, «Սառնամանիքի զավակները» և այլ ժողովածուներում: Հյուսիսի թեմայով են ստեղծվել նաև «Ձյուների դուստրը» վեպը, «Նախնիների կանչը» և «Սպիտակ ժանիք» վիպակները:
 
Լոնդոնի լավագույն ստեղծագործություններից է «Մարտին Իդեն» (1909թ.) վեպը, որում պատկերված է տաղանդավոր արվեստագետի ճակատագիրը նյութապաշտ իրականության մեջ: Նրա երկերում կյանքի օրենքները դաժան են, բայց և արդարացի:
 
Դժբախտությունը վրա է հասնում այն ժամանակ, երբ մարդն անտեսում է այդ օրենքները, հարստանում ու դառնում է ագահ, ձգտում էլ ավելի հարստանալու՝ ոտնահարելով ամեն ինչ:
 
Այդ թեման արծարծել է նաև «Ժամանակը չի սպասում» (1910թ.), «Երկաթե կրունկ» (1912թ.), «Լուսնի հովիտը» (1913թ.), «Մեծ տան փոքրիկ տիրուհին» (1916թ.) վեպերում: Անվանի գրողը մահացել է 1916թ.-ի նոյեմբերի 22-ին քնաբերի ավել չափաբաժին ընդունելու հետևանքով:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.