Encyclopedia

Ֆյոդոր Դոստոևսկի

Աշխարհահռչակ ռուս արձակագիր Ֆյոդոր Դոստոևսկին ծնվել է Մոսկվայում: 1843թ.-ին ավարտել է Սանկտ Պետերբուրգի ռազմաճարտարագիտական ուսումնարանը: «Խեղճ մարդիկ» (1846թ.) առաջին վիպակով արժանացել է հասարակության ուշադրությանը: Դոստոևսկին ուտոպիստ-սոցիալիստների գաղափարների հետևորդ էր, որի համար 1849թ.-ին ձերբակալվել է ու դատապարտվել մահվան:
Հետագայում, սակայն, դատավճիռը փոխարինվել է չորս տարվա աքսորով դեպի Սիբիր, որտեղ գրել է «Գրառումներ Մեռյալ տնից» վեպը (1861-62թթ.): 1859թ.-ին Դոստոևսկուն թույլատրվել է ապրել Սանկտ Պետերբուրգում, որտեղ հրատարակել է «Քեռու երազը» (1859թ.), «Ստեպանչիկովո գյուղը և նրա բնակիչները» (1859թ.) վիպակներն ու «Ստորացվածները և անարգվածները» (1861թ.) վեպը:
 
1862-63թթ.-ին ճանապարհորդել է Եվրոպայում: Ռուսաստանի պատմական զարգացման ուղին պատկերացրել է բոլոր դասերի համախմբման մեջ: Այս տեսակետն արծարծել է «Ձմեռային նոթեր ամառային տպավորությունների մասին» (1863թ.), «Գրառումներ ընդհատակից» (1864թ.) գործերում:
 
Դոստոևսկու ստեղծագործությունների հիմքում ընկած փիլիսոփայական, քաղաքական, հոգեբանական, բարոյական խնդիրները խիստ շաղկապված են միմյանց և արտացոլում են իրականությունը («Ոճիր և պատիժ», 1866թ., «Ապուշը», 1868թ., «Դևեր», 1871-72թթ., «Դեռահասը», 1879-80թթ., «Կարամազով եղբայրներ», 1879-80թթ.):
 
Ստեղծել է հակասական, խռովարար և աներևակայելիորեն բարի կերպարներ, որոնցից են Ռասկոլնիկովը («Ոճիր և պատիժ»), իշխան Միշկինը, Ռագոժինը («Ապուշը»), Իվան և Ալյոշա Կարամազովները («Կարամազով եղբայրներ»):
 
Դոստոևսկու գեղագիտական հայացքներն ու գաղափարները մեծ ազդեցություն են ունեցել ռուս և համաշխարհային գրականության, այդ թվում`   հայ հոգեբանական արձակի վրա: Նրա գաղափարագեղագիտական հայացքները զարգացրել են Ստեֆան Ցվայգը, Ֆրանց Կաֆկան, Մարսել Պրուստը, Ալբեր Քամյուն և ուրիշներ: Դոստոևսկու երկերը թարգմանվել են հայերեն, հայ թատրոնում բեմադրվել են նրա գործերը:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.