Encyclopedia

Ռոբերտ Մուզիլ

Ավստրիացի գրող Ռոբերտ Մուզիլը (գերմ. Robert Musil, 1880թ., նոյեմբեր 6 - 1942թ., ապրիլ 15) ծնվել է Ավստրիայի Քլանգեֆուրտ քաղաքում՝ ինժեներ Ալֆրեդ Մուզիլի և նրա կնոջ՝ Հերմինեի (օրիորդական ազգանունը Բերգաուեր) ընտանիքում: Հայրը սերում էր հին ավստրիական ընտանիքից, մոր նախնիները Բոհեմիայի գերմանացիներ էին: Ռոբերտ Մուզիլը մկրտվում է կաթոլիկական ծեսով:
1881-1882թթ. Մուզիլների ընտանիքը տեղափոխվում է Կոմոտաու (Բոհեմիա), իսկ 1882-1891թթ.-ին՝ Շտայր (Վերին Ավստրիա): Հաճախում է տեղի ժողովրդական դպրոցը և ռեալական գիմնազիայի առաջին դասարանը: 1892-1894թթ.-ին հաճախում է Այզենշտադի Զինվորական տարրական դպրոցը:
 
1894-1897թթ.-ին հաճախում է Մեհրիշ-Վայսքիրխընի (Հրանիկե) Զինվորական բարձրագույն դպրոցը: Զբաղվելով հրետանային գործով`   Մուզիլը բացահայտում է իր տեխնիկական ընդունակություններն ու հետաքրքրությունները: 1897թ.-ին ուսանում է Վիեննայի տեխնիկական զինվորական ակադեմիայում: 
 
1901թ.-ի հուլիսին պետական քննություն է հանձնում ինժեների որակավորում ստանալու համար: 1902-1903թթ. ուսանում է Շտուտգարտի բարձրագույն տեխնիկական դպրոցում: Աշխատում է «Գիշերօթիկի սան Թյորլեսի մտատանջությունները» ինքնակենսագրական բնույթի վեպի վրա:
 
1903-1908թթ. տրամաբանություն և փորձարարական հոգեբանություն է ուսանում Բեռլինի համալսարանում: 1904թ. Մուզիլը հասունության քննություն է հանձնում Բրյունի գերմանական պետական գիմնազիայում: 1906թ. Մուզիլը լույս է ընծայում իր անդրանիկ վեպը «Գիշերօթիկի սան Թյորլեսի մտատանջություններ»-ը:
 
Նույն թվականին էլ Մուզիլը պատրաստում է մի փոփոխարկվող հոլ մարդկանց գունային ընկալումների հետազոտման նպատակով (այդ սարքավորումն էլ այդպես էլ կոչվում է`   մուզիլյան գունահոլ): 1908թ. ատենախոսություն է պաշտպանում միանգամից երեք մասնագիտությունների գծով`   փիլիսոփայություն, ֆիզիկա, մաթեմատիկա`   «Մախի ուսմունքի գնահատման խնդրի շուրջ» վերնագրով: 
 
1909թ.-ից մինչև 1-ին աշխարհամարտ թղթակցում է մի շարք պարբերականների: 1911թ. լույս է ընծայում «Միացումներ» ժողովածուն: Ամուսնանում է Մարթա Մարկովալդիի (օրիորդական ազգանունը Հայմանն) հետ: 1914-1918թթ. պատերազմն սկսում է որպես կրտսեր սպա և ավարտում կապիտանի աստիճանով՝ այդ ամբողջ ընթացքում հիմնականում գտնվելով իտալական ճակատում: 1918-1920թթ. պատերազմի ընթացքում և հետո`   մինչև 1920թ., շարունակում է գրահրապարակախոսական գործունեությունը:
 
1931թ. լույս է տեսնում «Մարդն առանց հատկությունների» վեպի առաջին հատորը և մեծ հաջողություն ունենում: 1933թ. լույս է տեսնում վեպի երկրորդ հատորի առաջին մասը: Երրորդ ռայխի հիմնադրումից հետո գրողը թողնում է Գերմանիան և վերադառնում Վիեննա, ուր և շարունակում է աշխատանքը վեպի վրա`   նյութական մեծ դժվարություններ կրելով:
 
1939թ. տեղափոխվում է Ժնև: Դարձյալ ծանր նյութական դրության մեջ և փոքր քանակի դրամական օժանդակությամբ շարունակում է աշխատանքը վեպի վրա: 1942թ.-ի ապրիլի 15-ին մահանում է Ժնևում:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.