Encyclopedia

Սարգիս Մելիքսեթյան

Հայ թատերագետ, գրականագետ, արվեստագիտության դոկտոր, ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1956), ԽՍՀՄ գրողների միության անդամ Սարգիս Մելիքսեթյանը ծնվել է Գանձակ (այժմ`   Գյանջա) քաղաքում: Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը: Լրագրական գործունեությունը սկսել է 1921-ին Թիֆլիսում:
Հետո փոխադրվել է Երևան, երկու տարի աշխատել Ժողովրդական կոմիսարների խորհրդում որպես ինֆորմացիոն բաժնի վարիչ, իսկ 1923-25-ին`   «Խորհրդային Հայաստան» թերթի խմբագրությունում բաժնի վարիչ: 1925-30-ին`   գեղաշխի արհեստակցական միության նախագահ, 1930-35-ին`   «Հայկինո»-ի սցենարական բաժնի վարիչ, ապա նախագահ-դիրեկտորի տեղակալ:
 
Հետագայում աշխատել է որպես խաղացանկային կոմիտեի նախագահ, արվեստի գործերի վարչության թատերական բաժնի վարիչ, 1935-49-ին`   Հայաստանի թատերական թանգարանի դիրեկտոր, միաժամանակ`   1935-37-ին Երևանի թատերական տեխնիկումի դիրեկտոր, 1938-42-ին արվեստի գործերի վարչության դրամատուրգիայի գծով գլխավոր կոնսուլտանտ:
 
1944-47-ին եղել է Երևանի թատերական ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետի դեկանը, 1947-49-ին`   ամբիոնի վարիչ նույն ինստիտուտում: 1950-54-ին աշխատել է ՀՍՍՀ ԳԱ արվեստի սեկտորի որպես ավագ գիտաշխատող: 1954-63-ին գրականության և արվեստի թանգարանի արվեստի բաժնի վարիչն ու գիտնական քարտուղարն էր: 1963-80-ին եղել է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի դիրեկտորը: 1954-ին «Հովհաննես Աբելյան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել արվեստագիտության թեկնածուի աստիճան: 1971-ին «Սովետական թատրոնի պատմությունը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել արվեստագիտության դոկտորի աստիճան: Ռուսերեն լույս է տեսել նրա «Մեր թատրոնի ուղին» (Երևան, 1940) գիրքը: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով:
 
Մահացել է 1980-ին:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.