Encyclopedia

Կաթողիկոս Գևորգ Դ Կոնստանդնուպոլսեցի

Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Դ Կոնստանդնուպոլսեցին հաջորդել է Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցուն: Ծնվել է 1813թ.-ի հուլիսի 5-ին Կոստանդնուպոլսում, մահացել է 1882թ.-ի դեկտեմբերի 6-ին Վաղարշապատում: Նրա աճյունն ամփոփված է Մայր Տաճարի բակում:

1827-1829թթ. սովորել է Գում-Գափուի պատրիարքական ժառանգավորաց վարժարանում, որտեղ աշակերտել է նշանավոր մտավորական Գրիգոր պատվելի Փեշտիմալճյանին: 1830-ին պատրիարք Կարապետ Պալաթեցու կողմից նշանակվել է պատրիարքարանի փոխանորդարանի քարտուղար: 1834-ին ստացել է սարկավագության աստիճան, 1835-ին ձեռնադրվել է Կ.Պոլսի Սբ.Աստվածածին, Սբ.Խաչ և Սբ.Հարություն եկեղեցիների քարոզիչ:

Նրա ջանքերով է ստեղծվել Կ.Պոլսի առաջին հայկական եկեղեցական երգչախումբը: 1841թ. արժանացել է ծայրագույն վարդապետի աստիճանի: 1848թ.-ի հուլիսի 11-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Ներսես Ե Աշտարակեցու կողմից ձեռնադրվել է եպիսկոպոս: 1858թ.-ի հոկտեմբերի 17-ին Արևմտահայոց ժողովի կողմից ընտրվել է Կ.Պոլսի պատրիարք (1858-1860), մասնակցել Ազգային Սահմանադրության մշակմանը:

1866թ.-ի սեպտեմբերի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հրավիրված ժողովի կողմից միաձայն ընտրվել է Ամենայն Հայոց կաթողիկոս: Օծումը տեղի է ունեցել 1867թ.-ի մայիսի 21-ին: Գևորգ Դ կաթողիկոսը ծավալել է շինարարական լայն գործունեություն:

1868-ին Մայր Տաճարի արևելյան կողմում կառուցել է կցաշենք, որտեղ կազմակերպել է եկեղեցապատմական թանգարան, նորոգել է տվել Սուրբ Գայանե վանքը, այնտեղ կառուցել արևմտյան կամարակապ դարպասը, կառուցել է Մայր Աթոռի միաբանների բնակելի շենքերը, Բյուրականի կաթողիկոսական ամառանոցը, վերակառուցել է Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին և այլն:

Կաթողիկոսը հետևողական աշխատանքներ է կատարել հայկական բոլոր եկեղեցիներում միակերպ ժամերգություն մտցնելու ուղղությամբ: Նրա ջանքերով են ստեղծվել «Ձայնագրեալ երգեցողութիւնք Սրբոյ Պատարագի» (1874), «Ձայնագրեալ Շարական հոգեւոր երգոց» (1875), «Ժամագիրք» (1877), «Ձայնագրեալ քաղուածք օրհնութեանց» (1882) գրքերը: Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցին ժամանակակիցների կողմից արժանացել է «Մեծագործ» պատվատիտղոսի:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.