Encyclopedia

Թեոդոր Դրայզեր

Ամերիկացի վիպասան և լրագրող Թեոդոր Դրայզերը ծնվել է 1871թ. օգոստոսի 27-ին: 14 տարեկանից սկսել է աշխատել: 1889–1890թթ. սովորել է Բլումինգտոնի համալսարանում: 1892թ.-ից աշխատել է Սենտ Լյուիսում, Չիկագոյում, Պիտսբուրգում, Նյու Յորքում լույս տեսնող մի շարք պարբերականներում:

1900թ. հրատարակվել է Դրայզերի առաջին «Քույր Քերրի» վեպը, որը մեծ հռչակ է բերել գրողին: Վեպի գլխավոր հերոսուհին մեծ ողբերգություն է ապրում, փլուզվում են նրա՝ ազնիվ ճանապարհով փող վաստակելու, հասարակության մեջ արժանավայել ապրելու պատրանքները:

 

Դրայզերի երկրորդ վեպը՝ «Ջեննի Գերհարդ»-ը, լույս է տեսել 1911թ.: Այստեղ նույնպես սյուժետային հիմնական գիծն աշխատավոր ընտանիքից սերած աղջկա տառապանքների պատմությունն է: Ի հակադրություն Քերրիի՝ Ջեննին կարողանում է պահպանել հոգու մաքրությունն ու վեհությունը:

 

Դրայզերի ռեալիստական արվեստի հետագա վերելքը պայմանավորված է «Ցանկության եռերգություն» գրքով, որը ներառում է «Ֆինանսիստը» (1912թ.), «Տիտան» (1913թ.) և «Ստոիկ» (1925թ.) վեպերը: Եռերգության հիմքում նյութապաշտ, գիշատիչ իրականությունն է, կապիտալի կուտակման անհատակ ծարավը, մոլի մրցավազքն ու մեքենայությունները: 
 
1915թ. լույս է տեսել Դրայզերի «Հանճարը» վեպը, որի գլխավոր թեման արվեստագետի ճակատագիրն է ամերիկյան իրականության մեջ: Հանճարը Յուջին Վիտլան է՝ վեպի գլխավոր հերոսը`   աստվածատուր շռայլ պարգևով օժտված նկարիչը: Յուջինի կերպարով Դրայզերը պատկերել է արվեստագետի ողբերգությունը կապիտալի տիրապետության պայմաններում:
 
Ինքնակենսագրական «Լրագրային օրեր» (1922թ., հայտնի է նաև «Գիրք իմ մասին» վերնագրով) գրքում Դրայզերը պատմում է իր ուսումնառության տարիների մասին, ըստ իր պատկերացումների`   սահմանում է ռեալիզմի տեսությունը: Նրա ռեալիստական ստեղծագործության բարձրակետը «Ամերիկյան ողբերգություն» (1925թ.) վեպն է, որի հիմքում միսիոներական կազմակերպություններից մեկի ղեկավարի որդու՝ Քլայդ Գրիֆիտսի՝ գլխավոր հերոսի ողբերգական ճակատագիրն է:
 
Դրայզերն առանց գունազարդումների պատկերել է իսկական Ամերիկան՝ իր հակասություններով, բարոյականությամբ, մարդկային սովորական հարաբերությունների բացակայությամբ, սոցիալական հակառակ բևեռներով: Ըստ Դրայզերի՝ Քլայդն ամերիկյան հասարակության զոհերից է:
 
Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-1945թթ.) ժամանակ նա հանդես է եկել ֆաշիզմի դեմ, պաշտպանել ժողովուրդների հերոսական պայքարը: Դրայզերը գրել է նաև «Շղթաներ» (1927թ.) և «Կանանց պատկերասրահ» (1929թ.) պատմվածքների ժողովածուները, «Պատվար» (հրատարակվել է 1946թ.) վեպը:
 
Դրայզերի գործերից հայերեն են թարգմանել Օլգա Սանահյանը, Վահե Միքայելյանը, Հարություն Հարությունյանը և ուրիշներ: Հայ թատրոնում բեմադրվել է նրա «Ամերիկյան ողբերգություն» վեպը (1950թ., Լենինականի դրամատիկական թատրոն):
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.