Encyclopedia

Ստեփան Ալաջաջյան

Հայ արձակագիր, թարգմանիչ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ստեփան Ալաջաջյանը ծնվել է Հալեպում, Սիրիա։ 1946-ին տեղափոխվել է Հայաստան։ 1951-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հոգեբանության և տրամաբանության ֆակուլտետը, 1957-ին ԽՍՀՄ գրողների միությանն առընթեր գրական բարձրագույն դասընթացները (Մոսկվա):

1957-1963-ին աշխատել է «Սովետական գրականություն» ամսագրում որպես արձակի բաժնի վարիչ: 1966-1967-ին եղել է «Հայաստան» հրատարակչության գեղարվեստական գրականության խմբագրության վարիչ, 1967-1975-ին`   Հայաստանի սովետական գրողների վարչության քարտուղար։ 1980-ից աշխատել է ՀԽՍՀ կուլտուրայի մինստրության Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն։

Նրա գրական առաջին գործը`   «Ծովուն երգը», լույս է տեսել 1939-ին, Բեյրութի «Պատանեկան արձագանք» պարբերականում։ Նրա «Անապատում», «Պարտություն» վիպակները և «Եռաթև ծիածան» ու «Մադլենն ապրում է Փարիզում» պատմվածքների ժողովածունները թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել ռուսերեն։
 
Պարսկերեն թարգմանվել և 1973-ին Թեհրանում լույս է տեսել նրա «Եղեգները չխոնարհվեցին» վեպը։ Գրական մամուլում ռուսերեն տպագրվել են նաև նրա «Մադլենն ապրում է Փարիզում» և «Անառագաստ նավակներ» վիպակները։ Բացի այդ`   Ալաջաջյանի շատ ստեղծագործություններ թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, չեխերեն, բուլղարերեն, էստոներեն, ուզբեկերեն և այլ լեզուներով։
 
Ալաջաջյանի սցենարով (հեղինակակից Հենրիկ Մալյան) «Հայֆիլմ» կինոստուդիան 1980-ին նկարահանել է «Կտոր մը երկինք» («Ապտակ») գեղարվեստական կինոնկարը։ 1984-ին «Հայֆիլմ» կինոստուդիան նրա սցենարով նկարահանել է «Ճերմակ անուրջներ» գեղարվեստական կինոնկարը։
 
2001-ից բնակություն է հաստատել է Լոս Անջելեսում։ 2008-ի սեպտեմբերի 19-ին ՀՀ մշակույթի նախարարության կողմից պարգևատրվել է Ոսկե մեդալով։ Վախճանվել է Լոս Անջելեսում, 2010-ի դեկտեմբերի 23-ին։
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.