Encyclopedia

Գարեգին Նժդեհ

Հայ պետական, ռազմական գործիչ Գարեգին Նժդեհը, իսկական անունը`   Գարեգին Եղիշեի Տեր-Հարությունյան, ծնվել է 1886թ.-ի հունվար 1-ին հայոց Նախիջևան գավառի Կզնուտ (այժմ`   Կյուզնուտ) գյուղում: Եղել է ընտանիքի չորրորդ երեխան:

Սկզբնական կրթությունն ստանալով Նախիջևան քաղաքի ռուսական դպրոցում`   ուսումը շարունակել է Թիֆլիսի ռուսական գիմնազիայում, որտեղ սովորելու ընթացքում էլ միացել է հայ ազատագրական շարժմանը։ Այնուհետև գնացել է Սանկտ Պետերբուրգ, և երկու տարի տեղի համալսարանի իրավաբանական բաժնում սովորելով, լքել համալսարանն ու ամբողջովին նվիրվել հայ հեղափոխության գործին։

 

1906 թվականին Բուլղարիայում Ռոստոմի աջակցությամբ և մակեդոնական ազատագրական շարժման ղեկավարների միջնորդությամբ ընդունվել է Սոֆիայի սպայական դպրոցը, և այն հաջողությամբ ավարտելով, 1907թ. վերադարձել Կովկաս։ 1907-1908թթ. անցել է Հայ Յեղափոխական Դաշնակցության շարքերը և մասնակցել պարսկական հեղափոխական շարժմանը։

 

Զենք և ռազմամթերք տեղափոխելու համար Նժդեհը 1909թ. վերադարձել է Կովկաս և ձերբակալվել ցարական իշխանությունների կողմից։ Բանտերում մնալով ավելի քան երեք տարի`   տեղափոխվել է Բուլղարիա։ Երբ 1912թ. սկսվեց Բալկանյան առաջին պատերազմը, հայերը Թուրքիայի դեմ կռվելու համար (հանուն Մակեդոնիայի և Թրակիայի ազատագրության) բուլղարական բանակի կողքին ստեղծեցին կամավորական վաշտ, որի ղեկավարները եղան Նժդեհն ու Անդրանիկ Օզանյանը։ 

 

Առաջին աշխարհամարտի նախօրյակին, «ներման» արժանանալով ցարական կառավարության կողմից, Նժդեհը վերադարձավ Կովկաս Թուրքիայի դեմ մղվելիք պատերազմին մասնակցելու պայմանով։ Կասկածելով Գերմանիայի հետ գաղտնի կապեր ունենալու մեջ`   1944թ.-ի հոկտեմբերի վերջերին խորհրդային «Սմերշ» բանակային հակահետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից Նժդեհը ձերբակալվում է:

 

Նրան տեղափոխում են Բուխարեստ, այնտեղից՝ ինքնաթիռով Մոսկվա և բանտարկում Լյուբյանկայում։ 1946թ.-ի նոյեմբերին Նժդեհին Մոսկվայից ուղարկում են Երևան, ուր դատաքննությունն ավարտվում է 1948թ.: Նժդեհը դատապարտվում է 25 տարվա բանտարկության`   ժամկետը հաշված 1944թ.-ից: 1947թ. Նժդեհը խորհրդային կառավարությանն առաջարկում է հանդուգն մի ծրագիր՝ սփյուռքում ստեղծել համագաղութային ռազմաքաղաքական կազմակերպություն՝ «Հայկական իռեդենտա», որի նպատակը պետք է լիներ Արևմտյան Հայաստանի ազատագրումը և նրա վերամիավորումը Խորհրդային Հայաստանին։

 

Թեև Նժդեհի առաջարկությունը լրջորեն հետաքրքրեց խորհրդային ղեկավարներին և մի քանի տարի շարունակ ուսումնասիրվում էր ամենատարբեր ատյաններում, սակայն, ի վերջո, այն մերժվեց։ 1948-1952թթ. Նժդեհը գտնվում էր Վլադիմիրի բանտում, այնուհետև`   մինչև 1953 թվականի ամառը, Երևանի բանտում։ Որոշ ժամանակ անց Նժդեհին նորից տեղափոխում են Վլադիմիր, ուր և մահանում է 1955թ.-ի դեկտեմբերի 21-ին։ Ստանալով բանտային վարչության հեռագիրը Նժդեհի մահվան մասին`   եղբայրը՝ Լևոն Տեր-Հարությունյանը, Երևանից շտապ մեկնում է Վլադիմիր։

 

Նրան հանձնվում են եղբոր զգեստն ու ժամացույցը, իսկ ձեռագրերը՝ ոչ։ Թույլ չի տրվում նաև մարմինը տեղափոխել Հայաստան։ Լևոնը կատարում է եղբոր թաղումը, գերեզմանը ցանկապատել տալիս ու տախտակի վրա ռուսերեն պատվիրում գրել՝ Տեր-Հարությունյան Գարեգին Եղիշի (1886-1955թթ.)։ Իր մահից տասնամյակներ անց միայն՝ 1992թ.-ի մարտի 30-ին, Նժդեհը ՀՀ դատախազության կողմից արդարացվեց, ինչի կարիքը երբևէ չուներ։

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.