Encyclopedia

Նիկոլ Դուման

1867 թվականի հունվարի 12-ին ծնվել է հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ՀՅԴ կուսակցության անդամ Նիկոլ Դումանը:

Ավարտել է Շուշիի թեմական դպրոցը (1887թ.)։ Եղել է ուսուցիչ Հյուսիսային Կովկասի հայկական դպրոցներում, 1894-1896թթ.-ին`   Թավրիզի և Սալմաստի վարժարաններում։ 1894-1896թթ. մասնակցել է Դերիկի կռիվներին։ Բողասքյասանի մարտում վաստակել է ԴՈՒՄԱՆ անունը։

 

1895թ.-ին խմբով (50 հոգի) անցել է Վան։ 1896թ.-ին Նիկոլի մոտ առաջացել է Խանասորի արշավանքի (1897թ.) կազմակերպման և քրդական մազրիկ ցեղից վրեժխնդիր լինելու գաղափարը։ Արշավանքին մասնակցել է որպես հիսնապետ։ Հետո անցնելով Կովկաս`   ապրել է Բաքվում։
 
1904թ.-ին փորձել է հասնել ապստամբ Սասունին օգնության, սակայն սահմանի վրա կռվի է բռնվել և տեղ չի հասել։1905թ.-ի հայ-թաթարական ընդհարումների ժամանակ ղեկավարել է Երևանի նահանգում և Արարատյան դաշտում գործող ուժերը, կարողացել հմտորեն կազմակերպել հայերի պաշտպանությունը։
 
1910թ.-ին մասնակցել է 2-րդ ինտերնացիոնալի Կոպենհագենի կոնգրեսին։ Իրանում հեղափոխության ժամանակ ղեկավարել է Թավրիզի պաշտպանությունը։ Այնուհետև վերադարձել է Կովկաս, եղել Արևմտյան Հայաստանում ու Պարսկաստանում։
 
Թոքախտով հիվանդ Նիկոլ Դումանը, զգալով, որ չի կարող մասնակցել 1914թ.-ին սկսված պատերազմում ծավալված հայկական կամավորական շարժմանը, 1914 թվականի սեպտեմբերի 27-ին ինքնասպան է եղել՝ ատրճանակով իր վրա կրակելով։
 
Սիրելի հերոսի մարդաշատ հուղարկավորությունը տեղի է ունեցել Թիֆլիսում՝ Խոջեվանքի Պանթեոնում։ Նիկոլին թաղել են Դաշնակցության հիմնադիր Սիմոն Զավարյանի կողքին։
 
1930-ական թթ. Խորհրդային Վրաստանի կառավարությունը քանդել է Խոջեվանքը և պանթեոնը այնտեղ թաղված հարյուրավոր հայ ազգի արժանավոր զավակների գերեզմաններով հանդերձ։
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.