Encyclopedia

Էդգար Պո

Էդգար Ալլան Պոն (անգլերեն`   Edgar Allan Poe, 1809թ., հունվարի 19 - 1849թ., հոկտեմբերի 7) ամերիկացի արձակագիր է, բանաստեղծ, գրաքննադատ, խմբագիր: Ծնվել է Բոստոնում։ Նրա հայրը լքում է ընտանիքը, իսկ մայրը ծանր հիվանդության պատճառով մահանում է, երբ Էդգարը դեռ երեք տարեկան չկար։ Երեխային խնամում է Ռիչմոնդի հարուստ առևտրական Ջոն Ալլանը, որը որոշ ժամանակ անց մեկնում է Անգլիա, որտեղ էլ Էդգարին ուսման է տալիս։

1820թ.-ին Ալլանների ընտանիքը վերադառնում է Ռիչմոնդ, Էդգարն ընդունվում է քոլեջ, իսկ 1826թ.-ին`   Վիրջինիայի համալսարան, որտեղ սովորում է մեկ տարի։ Այդ ընթացքում Պոն փորձում է իր սիրեցյալ Սառա Ռոյսթերի հետ գաղտնի ամուսնանալ, ինչն առաջացնում է խորթ հոր զայրույթը, և Ջոն Ալլանը նրան վռնդում է տանից։

 

Էդգար Պոն մեկնում է Բոստոն, հրատարակում է բանաստեղծությունների առաջին ժողովածուն, որը, սակայն, նրան հաջողություն չի բերում։ Այնուամենայնիվ, 1833թ.-ի հունիսին Պոյի «Շշի մեջ գտնված ձեռագիրը» պատմվածքն արժանանում է "Baltimor Saturday visitor" ամսագրի գրականության առաջին մրցանակին, որը Պոյին դարձնում է փնտրված արձակագիր։
 
1835թ.-ի դեկտեմբերին Էդգար Պոն "Southerm library messenger" ամսագրի խմբագիր է նշանակվում։ Այստեղ նրան այցելում է հարազատ հորաքույրը`   Մարի Քլեմը, դստեր`   Վիրջինիայի հետ, որի հետ էլ կես տարի անց Պոն ամուսնանում է։
 
Շուտով նա հրաժարվում է աշխատանքից, և նորաստեղծ ընտանիքը մեկնում է Նյու Յորք: Այստեղ Պոն հրատարակում է մի քանի նովել։ Սակայն հոնորարները շատ չնչին էին, և գրողը միշտ փողի կարիք էր զգում։ 1838թ.-ին Էդգարն առաջարկություն է ստանում զբաղեցնել "Burton’s Gentleman’s Magazine" ամսագրի խմբագրի պաշտոնը և մեկնում է Ֆիլադելֆիա։
 
1839թ.-ին նա բավական գումար ուներ և հրատարակում է պատմվածքների երկհատորյակը, որն արդեն արտահայտում էր հեղինակի ամբողջ պոետիկան, քնարականությունը, ողբերգականությունը և հուզականությունը։ Ֆիլադելֆիայում Պոն ապրում է վեց տարի և հրատարակում է մոտ երեսուն պատմվածք ու գրաքննադատական բազմաթիվ հոդվածներ։
 
Պոն դետեկտիվ գրականության սկզբնավորողն է («Սպանություն Մորգի փողոցում», «Ոսկե բզեզ» և այլ պատմվածքներ)։ «Էվրիկա» փիլիսոփայական արձակ պոեմով Պոն, ըստ էության, վերակենդանացրեց գիտագեղարվեստական ժանրը։ Նրա ստեղծագործության որոշ մասնավորեցումներ`   իռացիոնալիզմը, միստիցիզմը, հակումը պաթոլոգիկ սևեռումների հանդեպ, հետագայում մեծապես սնեցին դեկադանսի գրականությունը։
 
1844թ.-ին Պոն վերադառնում է Նյու Յորք և հրատարակում մի քանի նովել, որոնք, սակայն, հաջողություն չեն ունենում։ Փոխարենը 1845թ.-ին հրապարակված «Ագռավը» բանաստեղծությունն ու նույնանուն ժողովածուն Պոյի համար ապահովում են աննախընթաց ժողովրդականություն։
 
Շուտով գրողի կյանքի լուսավոր ուղին կրկին մթագնում է։ Երկարատև ու ծանր հիվանդությունից 25 տարեկանում մահանում է կինը`   Վիրջինիան։ Ցավից ու հոգեկան տառապանքից գրողն սկսում է շատ խմել, իսկ հերթական դեպրեսիայի ժամանակ փորձում է ինքնասպանությամբ վերջ տալ կյանքին։
 
Նույն ժամանակահատվածում լույս է տեսնում «Էվրիկա» պոեմը, որը Պոն համարում է «մարդկության երբևէ ունեցած ամենամեծ բացահայտումը»։ 1849թ.-ի հոկտեմբերի 3-ին Պոյին անգիտակից վիճակում գտնում են երկաթգծերի վրա, իսկ չորս օր անց այդպես էլ ուշքի չգալով, մահանում է։
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.