Encyclopedia

Անտոն Չեխով

Ռուս ռեալիստական գրականության լավագույն ավանդույթների ժառանգորդ ու շարունակող, ռուսական ոգու և ժողովրդական հանճարի անբաժանելի մաս Անտոն Պավլովիչ Չեխովը ծնվել է 1860թ. հունվարի 29-ին: 1879թ. ավարտել է ծննդավայրի գիմնազիան, 1884 թ-ին՝ Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը, որոշ ժամանակ զբաղվել բժշկությամբ: Առաջին պատմվածքը լույս է տեսել 1880թ. «Ստրեկոզա» ամսագրում Անտոշա Չեխոնտե կեղծանունով:

1886թ.-ին աշխատել է Սանկտ Պետերբուրգի «Նովոյե վրեմյա» թերթում: 1886-1888թթ.-ին ապրել է Մոսկվայում, 1888-90թթ.-ին՝ Լուկայում (այժմ՝ գյուղ Ուկրաինայի Սումիի մարզում), 1890թ.-ին մեկնել է Սիբիր, ապա Սախալին: Այդ ուղևորությունը խոր հետք է թողել գրողի ստեղծագործության վրա:

 

Գրել է «Սախալին կղզին» (1895թ.) գիտական ուսումնասիրությունը, մի շարք պատմվածքներ, ինչպես նաև «Հիվանդասենյակ N 6» (1892թ.) վիպակը: Վերջինս չեխովյան քննադատական ռեալիզմի բարձրակետն է, ինքնատիպ բողոք «բանտային» մռայլ իրականության դեմ: 1892թ.-ին Մելիխովոյում կալվածք է գնել, որտեղ զբաղվել է նաև բժշկությամբ: 

 

Չեխովի գրական գործունեության նոր շրջանն սկսվում է 1893թ.-ից: «Ճայ» (1896թ.) պիեսում, «Գեղջուկներ» (1897թ.) վիպակում և մի շարք պատմվածքներում գրողը բացահայտել է կյանքը՝ իր բարդ ու հակասական կողմերով, դաժան իրականությամբ: 1890-1900-ական թվականներին գրել է նաև «Քեռի Վանյա», «Երեք քույր», «Բալի այգին» պիեսները, որտեղ դրսևորել է դրամատուրգի բացառիկ վարպետություն:
 
Իր գործերում Չեխովը մերժել է բոլոր կաղապարները՝ բարոյական, սոցիալական, փիլիսոփայական, կրոնական և այլն: Նրա հասուն շրջանի ստեղծագործությունների հերոսը կամ «պատյանի» մեջ փակված, կրթված ու անտարբեր կերպար է, կամ ժողովրդի ծոցից ելած մոռացված ու տանջված մարդը:
 
Նրա ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են «Ուշացած ծաղիկներ» (1917 և 1969թթ.), «Մարդը պատյանի մեջ» (1939 և 1983թթ.), «Հարսանիք» (1944թ.), «Շնիկով տիկինը» (1960թ.), «Քեռի Վանյան» (1970թ.), «Ճայը» (1970 և 2005թթ.), «Կաշտանկա» (1975թ.), «Գյուղական կյանք» (1994թ.), «Հիվանդասենյակ N 6» (2009թ.) և այլ կինոնկարներ:
 
Չեխովի տուն-թանգարաններ կան Տագանրոգում (նաև Չեխովի անվան գրականության թանգարան), Մոսկվայում, Մելիխովոյում, Լուկայում, Յալթայում և այլուր: Երևանում Չեխովի անունով կոչվել են փողոց և դպրոց, որի բակում տեղադրվել է նրա կիսանդրին:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.