Encyclopedia

Ղազար Այվազյան

Ղազար Վարդանի Այվազյանը հայ գրականագետ է, բանասիրական գիտությունների թեկնածու, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1965-ից։

Ծնվել է Սամարղանդում (այժմ`   Ուզբեկստանում)։ 1929-32-ին աշխատել է «Ուզբեկիստանսկայա պրավդա», «Կարականդինսկայա կոմունա» և «Պրիբալխաշսկայա պրավդա» թերթերի խմբագրություններում որպես գրական աշխատող և բաժնի վարիչ։ 1937-ին ավարտել է Մոսկվայի համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1937-41-ին դասախոսել է Երևանի ռուսական ուսուցչական ինստիտուտում և համալսարանում։ 1941-1943-ին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ 1943-47-ին եղել է Երևանի ռուսական մանկավարժական ինստիտուտի դիրեկտորի տեղակալը, 1947-50-ին`   ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտական քարտուղարը։ 1950-71-ին դոցենտ էր Երևանի համալսարանի ռուս գրականության ամբիոնում, 1971-78-ին եղել է նույն ամբիոնի վարիչը։ 1978-ից աշխատել է Երևանի համալսարանի հայագիտական կենտրոնում որպես ԽՍՀՄ ժողովրդների գրական կապերի ուսումնասիրության բաժնի վարիչ։ 1940-ին «Պոեզիայի ծագումը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։

Ռուսերեն լույս են տեսել նրա «Ռուսիայում հայերի բնակության տարեթվի մասին ըստ հայկական և ռուսական աղբյուրների» (Երևան, 1973), «Տարոնի պատմությունը և 4-7-րդ դարերի հայ գրականությունը» (Երևան, 1976), «Տարոնի հնագույն հնդիկների և Կիևի արևելյան սլավոնների հեթանոսական պանթեոնի մի զուգահեռի մասին» (Երևան, 1977) գրքերը։
 
Կազմել է դասագրքեր, «Բրյուսովյան ընթերցումներ» ժողովածունները (7 հատոր), «Հովհաննես Թումանյանը և ՍՍՀՄ ժողովուրդների գրականությունը» (Երևան, 1968), «Ռուս կլասիկ գրականությունը (Պուշկին, Լերմոնտով, Նեկրասով, Տոլստոյ, Գորկի)», 5 հատոր, Երևան, 1968-78)։
 
Դպրոցին և մանկավարժական գիտությանը մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է Խաչատուր Աբովյանի անվան մեդալով (1973)։ 1985-ին պարգևատրվել է Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշանով։
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.