Encyclopedia

Ջեյմս Կուկ

Անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկը ծնվել է 1728թ.-ի հոկտեմբերի 27-ին Մարտոնում (Անգլիայի Յորքշիրի կոմսություն), մահացել է 1779թ.-ի փետրվարի 14-ին (Հավայան կղզիներ):

Նրա անունով է կոչվել 20-ից ավել աշխարհագրական օբյեկտ՝ Կուկի լեռ, Կուկի կղզիներ, Կուկի նեղուց (Ալյասկայի հարավային ափերի մոտ), Նոր Զելանդիայի Հարավային կղզու վրա գտնվող լեռներից մեկը և այլն։ Ջեյմս Կուկը ծովագնացի գործունեությունն սկսել է 13 տարեկանում՝ որպես յունգ աշխատելով առևտրական «Ֆրի-լավ», «Երեք եղբայր» նավերի վրա։ Երիտասարդ Ջեյմսը, հաջորդաբար անցնելով ծովային ծառայության բոլոր աստիճանները, 1752թ. դարձել է առևտրական նավի նավապետի օգնական։

 

1756-1762թթ. ծառայել է բրիտանական նավատորմում, իսկ այնուհետև ղեկավարել Նյուֆաունդլենդ կղզու մոտ և Վեստ Ինդիայում կատարվող ջրաբանական հետազոտությունները։ 1768թ. Կուկը նշանակվել է Լոնդոնի Արքայական ընկերության կազմակերպած արշավախմբի հրամանատար։ 1772 թվականին նշանակվել է «Ֆրենդշիփ» նավի նավապետի օգնական։ Գլխավորել է համաշխարհային օվկիանոսի հետազոտման 3 արշավախումբ: Հետազոտումների ընթացքում կատարել է աշխարհագրական հայտնագործություններ։ 

 

Առաջին շուրջերկրյա ճանապարհորդության ընթացքում (1768-1771թթ.) նա հետազոտել է Նոր Զելանդիան, նավարկել  Հյուսիսային և Հարավային կղզիների շուրջը, ապացուցել, որ դրանք առանձին կղզիներ են, գծել է դրանց ճշգրիտ քարտեզը, ապա ուսումնասիրել Ավստրալիայի (Նոր Հոլանդիա) ափերը, դրանք հայտարարել անգլիական տիրապետության տարածքներ (Նոր Հարավային Ուելս անվամբ), ապա վերադարձել հայրենիք։

 

Երկրորդ շուրջերկրյա ճանապարորդության ժամանակ (1772-1775թթ.) Կուկը հայտնաբերել է Նոր Կալեդոնիա, Նորֆոլկ, Հարավային Սանդվիչյան (Հավայան), Հարավային Ջորջիա կղզիները, նյութեր հավաքել Օվկիանիայի և Ատլանտյան օվկիանոսի հարավային շրջանների կղզիների մասին։
 
Այդ ընթացքում նա թափանցել է նաև հարավային բևեռային շրջանը, հասել մինչև հարավային լայնության 71 աստիճան 10, սակայն չի հաջողվել գտնել Հարավային ցամաքը։ Երրորդ շուրջերկրյա ճանապարհորդության ընթացքում (1776-1779թթ.) ուսումնասիրել է Խաղաղ օվկիանոսի հյուսիսային շրջանները, ձմեռելու նպատակով վերադարձել է Սանդվիչյան կղզիներ, հայտնագործել դրանցից ամենամեծը՝ Հավայի կղզին. այստեղ էլ սպանվել է բնիկների կողմից։
 
Նրա կազմած քարտեզներն անգերազանցելի են մնացել և օգտագործվել են մինչև 19-րդ դարի երկրորդ կեսը։ Կուկը հայտնի էր բնիկների նկատմամբ համբերատարությամբ և մեղմ վերաբերմունքով, հեղաշրջում է կատարել ծովագնացության մեջ՝ հաջողությամբ պայքարելով ցինգա հիվանդության դեմ։ Նրա նավարկություններին մասնակցել են այնպիսի նշանավոր ծովագնացներ, ինչպիսիք են Ջորջ Դիքսոնը, Ջոզեֆ Բանկսը, Ջորջ Վանկուվերը, Վիլյամ Բլեյը, Յոհան Ռեյնհոլդը։
 
Կուկն ամուսնացել է 1762 թվականին, ունենցել է 6 երեխա։ Նա շատ ժամանակ էր հատկացնոմ ընթերցանությանը, ազատ ժամանակը նվիրում էր աշխարհագրության, մաթեմատիկայի, աստղագիտության, ծովագնացության ուսումնասիրմանը։ 1757 թվականին Կուկը նշանակվել է «Փեմբրոուք» նավի նավապետ։
 
1758 թվականին Կուկն ուղևորվել է Կանադա՝ ռազմական նկատառումներով Քվեբեքում աշխարհագրական ուսումնասիրություններ կատարելու։ Քվեբեկում տեղակայված ֆրանսիական զորքերի գնդակոծության տակ Կուկը հաջողությամբ կատարել է առաջադրանքը՝ նպաստելով և մասնակցելով Քվեբեկի գրավմանը։ 1768 թվականին Լոնդոնի Արքայական ընկերության որոշմամբ Ջեյմս Կուկն «Ինդեվըր» նավով գլխավորել է Խաղաղ օվկիանոս ուղևորվող արշավախումը, որի նպատակն էր ուսումնասիրել Վեներայի անցումն Արեգակի առջևով:
 
Նա կատարել է աշխարհագրական ուսումնասիրություններ Խաղաղ օվկիանոսում։ Կուկը հայտնագործել է Մեծ արգելախութը, ապացուցել է, որ Նոր Զելանդիան կղզի է, այլ ոչ Հարավային մայրցամաքի (Անտարկտիդայի) մի մաս։ Նա իրավացիորեն ենթադրել է, որ Հարավային մայրցամաքը գտնվում է Նոր Զելանդիայից հարավ և ծածկված է սառույցով։
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.