Encyclopedia

Երվանդ Լալայան

Երվանդ Լալայանը ծնվել է 1864թ.-ի հունվարի 8-ին Ալեքսանդրապոլում: 1885թ.-ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը և աշխատել Ախալցխայում, Ախալքալաքում, Ալեքսանդրապոլում որպես ուսուցիչ:

1894թ.-ին ավարտելով ինժեներական համալսարանի հասարակագիտական բաժինը՝ ստացել է սոցիալական գիտությունների թեկնածուի աստիճան և 6 ամիս աշխատել Մխիթարյանների մոտ: Վերադառնալով Անդրկովկաս՝ 1895-97թթ.-ին դասավանդել է Շուշիի թեմական դպրոցում:

 

Այստեղ համախմբվելով ժամանակի լավագույն գիտական ուժերի հետ (Մ. Աբեղյան, Թ. Թորամանյան, Հ. Աճաոյան, Լեո, Լ. Մելիքսեթ-Բեկ, Ս. Լիսիցյան, Խ. Սամուելյան, Ս. Զելինսկի են)՝ ձեռնամուխ է եղել «Ազգագրական հանդես»-ի ստեղծմանը (առաջին գիրքը լույս է տեսել 1896թ.-ին):

 

1900թ.-ի նոյեմբերի 21-ին Թիֆլիսում կազմակերպել է Ազգագրական հրատարակչական ընկերությունը, 1906թ.-ին՝ Հայոց ազգագրական ընկերությունը: Ընկերության կազմակերպած թանգարանը Լալայանի ջանքերով 1921թ.-ին Թիֆլիսից փոխադրվել է Երևան:
 
Լալայանը դարձել է թանգարանի առաջին վարիչը: «Ազգագրական հանդես»-ում պարբերաբար լույս են տեսել նրա «Ջավախք», «Վարանդա», «Սիսիան», «Ղափան», «Գանձակի գավառ»,«Բորչալուի գավառ», «Վասպուրական», «Գողթան գավառ», «Վայոց ձոր», «Նախիջևան կամ Նախճավանի ոստիկանականշրջան», «Զանգեզուր», «Նոր Բայազետի գավառ կամ Գեղարքունիք», «Ծիսական կարգերը հայոց մեջ» (1901-16թթ.) աշխատություններն ու բազմաթիվ հոդվածներ:
 
Լալայանը հավաքել և հրատարակել է չափազանց արժեքավոր բանահյուսական նյութեր՝ «Ազգագրական հանդես»-ում, առանձին գրքերով՝ «Ջավախքի բուրմունք» (1892թ.), «Հոբոս» (1903թ.), «Մոլլա-Նասրէդոինը» (1904թ.), «Պառավաշունչ» (1911թ.), «Մարգարիտներ հայ բանահյուսության» (3 հհ., 1914-15թթ.) գործերը, գրի է առել հազարավոր հեքիաթներ, առակներ, առածներ:
 
Լայնածավալ պեղումներ է կատարել Շարուր-Դարալագյազի, Նախիջևանի, Նոր Բայազետի գավառներում, Շրեշ բլուրում, Նուխի գավառի Նիժ և Վարդաշեն գյուղերում, Էլարում: Հիշարժան են Ադյաման գյուղի Դեմեր կոչվող դամբարանը (հանվել է բարձրարվեստ փորագրությամբ զարդարված դիակառք), արամեական արձանագրությունը, ցցատների հետքերը Սևանա լճից արևելք և այլն:
 
Նրա հնագիտական ուսումնասիրություններն ամփոփված են «Դամբարանների պեղումները Խորհրդային Հայաստանում» (1931թ.) գրքում: Հայ նյութական մշակույթը հասարակության լայն խավերին ներկայացնելու նպատակով Լալայանը հրատարակել է Վայոց ձորի, Վասպուրականի և Նոր Բայազետի հուշարձաններին նվիրված 3 նկարազարդ, ստվարածավալ ալբոմ՝ հայերեն, ռուսերեն ե ֆրանսերեն բացատրություններով: Հավաքել և հրատարակել է նաև արձանագրություններ: 
 
Նրա կազմած հայերեն արձանագրությունների ժողովածուն արժանացել է Լազարյան ճեմարանի Քանանյանի անվան մրցանակի: Ֆրանսերենից և ռուսերենից հայերեն է թարգմանել գիտնականներ Շ. Լետուրնոյի, Ա. Պոզոդայի, Դ. Կանեստրինի, Ա. Զվյագինցևի մի շարք աշխատություններ և գեղարվեստական գործեր (ժ. Զանդ, Մոփեր ևն):
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.