Encyclopedia

Նիլս Բոր

Դանիացի ֆիզիկոս Նիլս Բորն ատոմի կառույցի քվազիդասական տեսության հեղինակն է: Առաջարկել է ատոմի կառույցի արդի մոդելը:

Բորը, 1907թ. ավարտելով Կոպենհագենի համալսարանը, աշխատանքի անցավ անգլիացի ֆիզիկոսներ Ջորջ Թոմսոնի և Էռնեստ Ռեզերֆորդի լաբորատորիաներում: Կատարված հետազոտությունների հիման վրա 1913թ. նա ստեղծեց ատոմի կառուցվածքի քվազիդասական տեսությունը:

 

1916թ. նա ղեկավարում էր Կոպենհագենի համալսարանի տեսական ֆիզիկայի ամբիոնը, 1920թ.-ից մինչև կյանքի վերջը`   իր ստեղծած և այժմ իր անունը կրող Կոպենհագենի տեսական ֆիզիկայի ինստիտուտը: Մինչև Բորի`   ատոմի կառուցվածքը բացատրող քվանտային տեսության ստեղծումը, դասական ֆիզիկան խոր ճգնաժամ էր ապրում:

 

Այդ տեսությունը թույլ տվեց թափանցել ատոմի խորքերը և համոզվել, որ թե´ նրա կառուցվածքը, թե´ այդ կառուցվածքի կայունությունն անբաժանելիորեն պայմանավորված են քվանտի գոյությամբ: Քվանտը վերջավոր գործողության, էներգիայի և այլ ֆիզիկական մեծությունների փոփոխության նվազագույն հնարավոր քանակն է: 
 
Այդպես, Բորն առաջինը ստեղծեց ատոմի կառույցի արդի մոդելը նոր՝ քվանտային տեսության հիմնարար պատկերացումների հիմքի վրա: XX դարի ֆիզիկայում այդ շրջադարձային հայտնագործության համար 1922թ. Բորին շնորհվեց Նոբելյան մրցանակ: Մի քանի տարի անց Բորի աշակերտ Վ. Հայզենբերգը, հետևելով իր ուսուցչի գաղափարներին, ստեղծեց XX դարի ֆիզիկայի մեծագույն ձեռքբերումը դարձած քվանտային մեխանիկան:
 
Երկար տարիներ Նիլս Բորը ղեկավարում էր Կոպենհագենի տեսական ֆիզիկայի ինստիտուտը: Բորի մոտ գիտական խորհրդակցությունների էին գալիս բոլոր երկրների անվանի ֆիզիկոսները: Այդ սեմինարներում բանավիճում էին՝ հաշվի չառնելով ո´չ տարիք, ո´չ կոչում, որովհետև գիտական ճշմարտության առջև ամենքն էլ հավասար են: 
 
Նիլս Բորը հայտնի է նաև որպես խաղաղության, ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման աննկուն մարտիկ: Պատերազմի ժամանակ Բորը հրաժարվեց մասնակցել ատոմային ռումբի ստեղծմանը, և նրան փախցնելով, մի կերպ փրկեցին ֆաշիստական հաշվեհարդարից: Հետագայում նույնպես բոլոր երկրների կառավարություններին նա կոչ էր անում արգելել միջուկային զենքը:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.