Encyclopedia

Գաբրիել Գարսիա Մարկես

Գաբրիել Խոսե դե լա Կոնկորդիա Գարսիա Մարկեսը (իսպ.՝ Gabriel José de la Concordia García Márquez, ծնվ. 1927թ. մարտի 6-ին Արակատակա, Մագդալենա, Կոլումբիա - ապրիլի 17, 2014թ., Մեխիկո) կոլումբիացի գրող է, նովելիստ, սցենարիստ, լրագրող։ Գրականության բնագավառում 1982թ. Նոբելյան մրցանակի է արժանացել։ Մոգական ռեալիզմի ամենահայտնի ներկայացուցիչ է։

Մարկեսը 1940-1946թթ. սովորել է Սիպակիր քաղաքի ճիզվիտական քոլեջում, 1946թ. ընդունվել Բոգոտայի ազգային համալսարանի իրավաբանության ֆակուլտետը (չի ավարտել), 1950թ.-ից զբաղվել է լրագրությամբ: 1954թ.-ից թղթակցել է Բոգոտայի «Էլ Էսպեկտադոր» («Դիտորդ») պարբերականին, 1955թ. տեղափոխվել է Եվրոպա և 2 տարի աշխատել որպես թղթակից:

 

1955թ. հրատարակել է «Թափված տերևներ», 1957թ.՝ «Գնդապետին ոչ ոք չի գրում» վիպակները, 1961թ.՝ «Մեծ մայրիկի հուղարկավորությունը» պատմվածքների ժողովածուն, որտեղ նրա պատկերած տարօրինակ աշխարհում միահյուսված են երևակայականը, հեքիաթայինն ու իրականը:

 
Մարկեսին հաջողություն է բերել «Չարաբաստիկ ժամ» (1959թ.) վեպը, որտեղ ներկայացրել է բռնությունից, ներքին թշնամանքից ու ատելությունից քայքայված կոլումբիական հասարակությունը: Քաղաքի ու նրա բնակիչների անհուսալի մենությունը գրողը պայմանավորել է բռնությամբ: Մարկեսը համաշխարհային փառքի է արժանացել «Հարյուր տարվա մենություն» (1967թ., 1982թ. արժանացել է Նոբելյան մրցանակի) վեպով: 
 
Գրողն անկաշկանդ երևակայության և անսպասելի իրադարձությունների միջոցով ներկայացրել է մտացածին Մակոնդո փոքրիկ քաղաքի և Բուենդիա ընտանիքի 6 սերնդի պատմությունը, որը ոչ միայն Կոլումբիայի ու ամբողջ Լատինական Ամերիկայի, այլև մարդկության տարեգրությունն է: Վեպի գլխավոր հերոսի՝ Աուրելիանո Բուենդիայի, մյուս կերպարների, առասպելական իրադարձությունների միջոցով պատկերել է կյանքը, որն անվանել է «ֆանտաստիկ իրականություն»:
 
Հանուն սիրո 56 տարի սպասող հերոսի կյանքն է պատկերված Մարկեսի «Սերը խոլերայի ժամանակ» (1981թ.) վեպում: «Հայտարարված սպանության խրոնիկա» (1981թ.) երկն առանձնանում է ձևի և բովանդակության նորարարությամբ. սպանության ականատեսներից յուրաքանչյուրն այն ներկայացնում է յուրովի: «Նահապետի աշունը» (1975թ.), «Քո արյան հետքերը ձյան վրա» (1982թ.), «Սիրո և այլ դևերի մասին» (1994թ.) վեպերում և այլ գործերում ստեղծել է այնպիսի մի աշխարհ, որտեղ հնարավոր է ամեն ինչ:
 
2004թ. Մարկեսը հրատարակել է «Հիշելով իմ տխուր տարփուհիներին» վեպը, որի հերոսը՝ 90-ամյա լրագրողը, կյանքի մայրամուտին հիշում է իր բոլոր սիրուհիներին: Մարկեսը գրել է նաև կինոսցենարներ, հոդվածներ: Նրա գործերի հիման վրա ստեղծվել են կինոնկարներ: Մարկեսի «Հարյուր տարվա մենություն», «Սերը խոլերայի ժամանակ», «Նահապետի աշունը» վեպերը և այլ գործեր թարգմանվել են բազմաթիվ լեզուներով, այդ թվում՝ հայերեն:
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.