Encyclopedia

Իվան Կռիլով

Ռուս բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ Իվան Անդրեևիչ Կռիլովը գրել է զվարճալի պիեսներ, համարձակ ամսագրերի հեղինակ է: Կռիլովը հեղինակ է ավելի քան 200 առակի, որոնք լույս են տեսել 1809-1843թթ.: Կռիլովի առակները («Գայլն ու գառը», «Կապիկն ու ակնոցը», «Ճպուռն ու մրջյունը», «Կարապը, խեցգետինը և գայլաձուկը» և այլն) հագեցած են երգիծանքով, ժողովրդական ոգով, որի շնորհիվ այսօր էլ լայն ժողովրդականություն են վայելում:

Ծնվել է 1769 թվականի փետրվարի 13-ին Մոսկվայում՝ բանակի հրամանատարի ընտանիքում: Շատ է սիրել կարդալ, մանկուց զբաղվել է ինքնակրթությամբ: Համարվել է ժամանակի ամենազարգացած մարդկանցից մեկը: Հոր մահից հետո Իվանը մոր հետ տեղափոխվում է Պետերբուրգ:

 

Մայրաքաղաքը Կռիլովի համար դառնում է գրականությամբ զբաղվելու լավագույն միջավայրը: «Կլեոպատրա», «Ֆիլոմելա» ողբերգություններն ու «Կատաղած ընտանիքը» կատակերգությունը երիտասարդ Իվանին մեծ ճանաչում են բերում թատերական և գրական միջավայրում: 

 

Աշխարհում հրաշալի առակագիրներ քիչ չեն եղել: Ռուսաստանում այդպիսի առակագիր էր Կռիլովը: Կռիլովը միշտ գրում էր իր ժամանակների համար ամենակարևոր թեմաներով: Նրա առակների հերոսներն են ագահ գայլերը, անպաշտպան գառները, խորամանկ ու կեղծավոր աղվեսները, հիմար սագերն ու ամենահզոր առյուծը:
 
Մեծ առակագրի ժամանակակիցներն այդ կերպարների շնորհիվ հեշտությամբ ճանաչում էին ցարական անիրավ անգետներին, պարծենկոտներին: Նրա պարզ ու հասկանալի առակները այժմ էլ սիրելի են շատերի համար:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.