Encyclopedia

Ատրպետ

Գրող, հասարակական գործիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ Ատրպետը (Մուբայաջան Սարգիս Մկրտչի) ծնվել է 1860թ. հունվարի 31-ին Կարսում, ավարտել տեղի կաթոլիկների վարժարանը, ապա Կ.Պոլսի Օսմանյան լիցեյը (1877թ.)։

1880թ.-ից ուսուցչությամբ է զբաղվել արևելահայ գյուղաքաղաքներում։ Հնչակյան կուսակցության Թիֆլիսի կոմիտեի անդամ է եղել (1893թ.-ից)։ Ձերբակալվել և աքսորվել է Ռոստով (1895թ.)։ Ազատվելուց հետո մեկնել է Թավրիզ։ Հրատարակել է «Ապագա» լրագիրը։ Ատրպետի ստեղծագործությունները հիմնականում արտացոլել են արևմտահայ գյուղաշխարհը, այնտեղ կատարվող խմորումները։ 

 

«Ալմաստ» (1891թ.) երկհատոր վեպում պատկերել է հայ ազատագրական գաղտնի կազմակերպություններից մեկի՝ Կարինի «Պաշտպան հայրենյաց» միության գործունեությունը, նրա ջախջախումը, ապա բանվորական շարժման առանձին դրվագներ Թիֆլիսում։
 
Հայ ազգային-ազատագրական շարժման հարցերում Ատրպետն ունեցել է յուրօրինակ դիրքորոշում. անհրաժեշտ է համարել հայ-թուրք «հեղափոխական համագործակցությունը» համիդյան ռեժիմը տապալելու համար։ Ատրպետը ժառանգել էր մանրբուրժուական գյուղացիական դեմոկրատիայի հեղափոխական տրամադրություններն ու հայացքները։
 
Սոցիալական կյանքի արտացոլմանն է նվիրված նրա «Տժվժիկը» հայտնի պատմվածքը, որը հիմք է դարձել համանուն կինոնկարի համար։ Ատրպետը թողել է նաև պատմական-բանասիրական հետազոտություններ, հրապարակախոսական հոդվածներ։ Մահացել է Լենինականում (Գյումրի) 1937 թվականին մայիսի 27-ին։
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.