Encyclopedia

Արամ Պաչյան

1983 թվականի մարտի 19-ին Վանաձոր քաղաքում ծնվել է արդի հայ արձակագիր Արամ Պաչյանը: 1999-2004թթ. սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում։ 2002 թվականին բրիտանական Արևելք-Արևմուտք կենտրոնի կազմակերպած «Նախադեպային իրավունքը և մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կոնվենցիան» սեմինարներին ակտիվ մասնակցելու համար արժանացել է "British East West Center and Center of Comparative Jurisprudence" հավատարմագրին:

2003 թվականին մասնակցել է Ամերիկյան իրավաբանների ասոցիացիայի կազմակերպած քաղաքացիական պատերազմների ընթացքում կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությունը թեմայով "Philip C Jessup" անվան միջազգային մրցախաղին`   ճանաչվելով լավագույն բանախոս:

 

2004-2006թթ. ծառայել է Հայաստանի զինված ուժերում, այնուհետև՝ 2008 թվականից, աշխատել իրավապահ մարմիններում: 2009 թվականին դուրս է եկել աշխատանքից`   որոշելով զբաղվել միայն գրականությամբ: Առաջին անգամ տպագրվել է 2007 թվականին«Գրական թերթում», հետագայում պատմվածքները պարբերաբար տպագրվել են «Գրական թերթ», «Գրեթերթ», «Եղիցի Լույս» թերթերում, «Նարցիս» գրական հանդեսում:

 

2008 թվականին «Թափանցիկ Շշեր» պատմվածքի համար արժանացել է «Գրեթերթ»-ի ամենանամյա մրցանակին: 2009 թվականին «Ռոբինզոն» պատմվածքի համար կրկին արժանացել է «Գրեթերթ»-ի ամենանամյա մրցանակին: 2009 թվականին «Աշխատանք, Աշխատանք», «Շախմատային Նովել» պատմվածքների համար արժանացել է Նարցիս գրական-գեղարվեստական մշակութային հանդեսի մրցանակին: 

 

2009 թվականին Արամ Պաչյանի պատմվածքներն ընդգրկվել են արդի հայ արձակի «Անթոլոգիա 18-33» ժողովածուում: 2010 թվականին Արամ Պաչյանին շնորհվել է ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակ 2009 թվականին գրական մամուլում տպագրած պատմվածքների շարքի համար:
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.