Encyclopedia

Ուոլթ Ուիթմեն

Ամերիկյան ժամանակակից պոեզիայի հիմնադիր Ուիթմենը ծնվել է 1819թ.-ի մայիսի 31-ին ագարակատիրոջ ընտանիքում: Չքավորության պատճառով նրան չի հաջողվել ավարտել դպրոցը։

Դեռատի Ուիթմենը ստիպված է եղել ապրուստի միջոցներ հայթայ­թել։ Նա աշխատել է ցրիչ և գրաշար տպարանում: Կրթական և գրական բարձունքները նվաճել է ինքնուրույն աշխատանքով։ Պատանեկության տարիներին դասավանդել է դպրոցում, այնուհետև եղել է լրագրող, «Բրուքլին իգլ» լրագրի խմբագիր։

 

Ստրկության դեմ ուղղված խիզախ ելույթների պատճառով հեռացվել է աշխատանքից։ Գրել է բանաստեղծություններ, որոնցում դատապարտել է ստրկությունը, գովերգել ժողովրդի աշխատանքային սխրանքը: Ուիթմենը շարունակել է ռոմանտիկների ազգային պոեզիայի ավանդույթները։

 

Ուիթմենը մերժել է եվրոպական պոեզիային բնորոշ «հանգի հոս­քը» և դիմել անհանգ բանաստեղծությանը։ Նա տրանսցենդենտալիստների օրինակով ընչաքաղցության և ունայնության աշխարհին հակադրել է ինքնակատարելությունը, անձի հոգևոր ազատությունը:
 
Ամերիկյան հասարակության զարգաց­ման հեռանկարներին և ամերիկյան գրականությանն առնչվող գրողի հայացքներրը առավել ամբողջությամբ արտահայտված են «Դեմոկրա­տական հեռուներ» (1871թ.) աշխատության մեջ։
 
Ուիթմենը երիտա­սարդ գրողների առջև ծավալում է նոր գրականություն ստեղծելու մի վիթխարի ծրագիր։ Նա կոչ է անում բացահայտել Ամերիկայի ուղն ու ծուծը թափանցած խոցերը։ Ուիթմենը գրականությունից պահանջում էր ստեղծել գեղագիտա­կան իդեալ։
 
Ուիթմենը լայնորեն օգտագործել է հռետորական խոսքի հնա­րավորությունը, երբ հարցն ու պատասխանը հաջորդում են մեկը մյուսին, ինչպես և կրկնությունը: Նա վարպետորեն օգտագործել է այնպիսի ոճաձևեր, ինչպես զուգընթացությունը, կրկնությունները, տողերի ռիթմիկ շարահյուսական միանմանությունը։
 
Գրողի կյանքում հսկայական ղեր է կատարել երաժշտությունը։ Ուիթմենը քաջ ծանոթ էր Վերդիի, Ռոսինիի, Դոնիցետիի, Վեբերի ստեղծագործություններին, կրքոտ սեր էր տածում ամերիկյան ժողովրդական երգի հանդեպ։
 
Իր բանաստեղծական խոշոր երկերի գերակշռող մասը նա անվանել է «Երգեր»։ «Խորհրդավոր փողհարը» (1872թ.) բանաստեղծության մեջ փողհարի երաժշտությունը մարմնավորել է Ուիթմենի պոեզիայի բուն էությունը:
 
Բանաստեղծն արվեստում գնահատել է անմիջականությունն ու պարզությունը։ Նրա փիլիսոփայական պոեմներում նկատվում է երկու պլանի զուգակցում՝ կոնկրետ զգայական-կերպարային և վերացական, ընդհանրացված-փիլիսոփայական։ Մահացել է 1892թ.-ի մարտի 26-ին:
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.