Encyclopedia

Պոլ Վեռլեն

1844թ.-ի մարտի 30-ին ծնվել է բանաստեղծ Պոլ Վեռլենը: 1851թ.-ին նրա ընտանիքը հաստատվում է Փարիզում: 1853-1862թթ. սովորում է Լանդրի դպրոցում և Բոնապարտ լիցեյում: 1858թ.-ին գրել է «Մահը» բանաստեղծությունը և ուղարկել Վիկտոր Հյուգոյին: Լիցեյն ավարտելուց հետո՝ 1862թ.-ի հոկտեմբերին, ընդունվում է իրավաբանական դպրոց:

1864թ.-ին հրաժարվելով իրավաբանական կրթությունից՝ աշխատանքի է անցնում իբրև ապահովագրական ընկերության ծառայող, ապա իբրև գործավար քաղաքապետարանի բաժանմունքներից մեկում, հետո`   Սենի պրեֆեկտուրայում: 1865թ.-ին մամուլում տպագրում է հոդվածներ և բանաստեղծություններ, համագործակցում պառնասականների հետ:

 

1866թ.-ին հրատարակում է «Սատուրնական քերթվածներ»-ը: 1867թ.-ի սեպտեմբերի 2-ին մասնակցում է Շառլ Բոդլերի հուղարկավորությանը, դեկտեմբերի վերջերին Բրյուսելի թերթերից մեկը գաղտնի հրապարակում է նրա «Ընկերուհիներ» սոնետաշարքը, որը քրեական դատարանը դատապարտում է: 1869թ.-ի մարտին լույս է տեսնում Վեռլենի բանաստեղծությունների երկրորդ ժողովածուն`   «Նրբակիրթ տոնահանդեսներ», գրում է «Բարի երգ» գրքի մեծ մասը:

 

Նույն տարում հարբած վիճակում երկու անգամ փորձում է սպանել մորը: Հունիսին խնդրում է տասնվեցամյա Մաթիլդ Մոտեի ձեռքը: 1870թ.-ի հունիսին լույս է տեսնում «Բարի երգ ժողովածուն», օգոստոսին կայանում է Վեռլենի և Մաթիլդ Մոտեի ամուսնությունը, սեպտեմբերին կամավոր մտնում է Ազգային Գվարդիայի շարքերը և դառնում քաղաքի Պետական բյուրոյի զին խմբագիր:

 

1871թ.-ի սեպտեմբերին Արթյուր Ռեմբոն Շառլըվիլից մի քանի բանաստեղծություններ է ուղարկում Վեռլենին և վերջինի հրավերով հյուրընկալվում է Մոտեների տանը: Վեռլենը գրեթե ամեն օր գինարբուքի մեջ է, սկսում են ընտանեկան անհաշտ կռիվները, որոնք շարունակվում են որդու`   Ժորժ Վեռլենի ծնունդից հետո: Տարվա վերջում ճամփորդում է Արդենում:

 
1872թ.-ի հունվարին՝ հերթական ընդհարումից հետո, Մաթիլդը հեռանում է ամուսնուց և որդու հետ հաստատվում Պերիգոյում: Վեռլենն ապրում է Ռեմբոյի հետ մինչև մարտի սկիզբը: Մարտին Ռեմբոն մեկնում է Շառլըվիլ: Վեռլենը Մաթիլդի հետ վերահաստատում է ամուսնական կապերը, գաղտնի թղթակցելով Ռեմբոյի հետ, ով մայիսին վերադառնում է Փարիզ: Դեկտեմբերին Ռեմբոն վերադառնում է Ֆրանսիա, Վեռլենը միայնակ մնում է Լոնդոնում և հիվանդանում:
 
1873թ.-ի հունվարին Ռեմբոն կրկին մեկնում է Լոնդոն՝ Վեռլենի մոտ: Ապրիլին երկու բանաստեղծները վերադառնում են Ֆրանսիա և կրկին բաժանվում: Կրկին հանդիպում են մայիսին և մեկնում Լոնդոն, որտեղ Վեռլենը ֆրանսերեն դասեր է դասավանդում: 
 
1874թ.-ին լույս է տեսնում «Ռոմանսներ առանց խոսքերի» ժողովածուն: Քաղաքացիական դատարանը վճռում է Վեռլենի և Մաթիլդ Մոտեի ամուսնալուծությունը: 1875թ.-ի հունվարի 16-ին ազատվում է բանտից: Մայրը նրան տանում է Ֆամպու: Փետրվարին մեկնում է Շտուտգարտ`   հանդիպելու Ռեմբոյին, որի հետ ապրում է ընդամենը երկու օր և նորից գժտվելով`   ետ վերադառնում:
 
Մարտի վերջին մեկնում է Լոնդոն ուսուցչության: Դասավանդում է Շթիքնեյում: Դեկտեմբերի 12-ին վերջին նամակն է գրում Ռեմբոյին՝ վերջնականապես խզելով կապերը նրա հետ: 1876թ.-ին վերադառնում է Ֆրանսիա, դասավանդում Բուրնեմութի քոլեջում: 1877թ.-ին ավարտում է «Իմաստություն» ժողովածուն:
 
Հոկտեմբերին դասավանդում է Ռեթելի դպրոցում: 1878թ.-ին մտերմիկ կապեր է հաստատում իր աշակերտ Լյուսիեն Լետինուայի հետ: 1879թ.-ի սեպտեմբերին զրկվելով աշխատանքից՝ նորից մեկնում է Անգլիա`   իր հետ տանելով Լետինուային: Դեկտեմբերին նրանք վերադառնում են Ֆրանսիա:
 
1884թ.-ին առանձին գրքով լույս է տեսնում Վեռլենի «Անիծված բանաստեղծները», այնուհետև «Մի ժամանակ և վերջերս» բանաստեղծությունների ժողովածուն: 1885թ.-ին կատաղության նոպայի մեջ մի նոր մահափորձ է կատարում մոր դեմ և դատապարտվում մեկ ամսվա բանտարկության: Բանտից ազատվելով`   վերադառնում է Փարիզ:
 
Պառկում է Բրուսեի հիվանդանոցում ծնկի հիդարթրոզով:1887թ.-ին գրեթե ամբողջ տարին անց է կացնում հիվանդանոցներում: 1888թ.-ին լույս է տեսնում Շառլ Մորիսի «Պոլ Վեռլեն» գիրքը, իսկ Վեռլենը հրատարակում է «Սեր» բանաստեղծական ժողովածուն և «Անիծված բանաստեղծների» ամբողջական տարբերակը:
 
1892թ.-ին դուրս է գալիս հիվանդանոցից և ապրում Էժեն Կրանցի հետ: Ապրիլին հրատարակում է «Մտերմիկ պարագաներ» գիրքը: Օգոստոս-հոկտեմբերին նորից Բրուսեի հիվանդանոցում է, նոյեմբերին մեկնում է Հոլանդիա`   մասնակցելու գրական համաժողովի:
 
1896թ.-ի հունվարի 8-ին Վեռլենը վախճանվում է: Հունվարի 10-ին բազմահազարանոց սգո թափորը Փարիզի փողոցներով տանում է նրա դին Բատինյոլ գերեզմանատուն, որտեղ մահախոսականներով հանդես են գալիս Լըպլետյեն, Մորեասը, Կանը, Մենդեսը, Բառեսը, Կոպեն և Ստեֆան Մալարմեն:
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.