Encyclopedia

Խորեն Աբրահամյան

Հայ դերասան, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանը ծնվել է 1930թ. ապրիլի 1-ին Երևանում։ Մասնագիտական կրթությունն ստացել է Երևանի թատերական ինստիտուտում, որի դերասանական ֆակուլտետն ավարտել է 1951թ.-ին և ընդունվել Գ. Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնը, որտեղ էլ կատարել է բազմաթիվ դերեր (Ռոմեո, Պեպոն, Օթելլո, Արա Գեղեցիկ և այլն)։

Բազմիցս նկարահանվել է «Մոսֆիլմի», «Հայֆիլմի» և Երևանի հեռուստատեսությամբ թողարկված կինոնկարներում, օրինակ`   «Առաջին էշելոնը» («Մոսֆիլմ»), «Մոր սիրտը», «Առաջին սիրո երգը», «Իմ ընկերոջ մասին», «Փառքի օղակները», «Մենք ենք, մեր սարերը», «Սարոյան եղբայրներ» և այլն։

 

1951թ.-ին ավարտել է Երևանի թատերական ինստիտուտը և աշխատանքի անցել Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում, 1979-1984թթ. եղել է թատրոնի գլխավոր ռեժիսոր, 1988-1995թթ.՝ գեղարվեստական ղեկավար, միաժամանակ՝ Հայաստանի թատերական գործիչների միության վարչության նախագահ: 1985-1988թթ. Գյումրիի պետական թատրոնի դերասան էր և գլխավոր ռեժիսորը, 1980-1995թթ. դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: 
 
Թատրոնում կերտած լավագույն դերերից են՝ Ռուստամ (Ալեքսանդր Շիրվանզադեի «Նամուս»), Արմեն (Գուրգեն Բորյանի «Կամրջի վրա»), Արամ (Ալեքսանդր Արաքսմանյանի «60 տարի, երեք ժամ»), Արա (Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկ»), Մյասնիկյան (Զարզանդ Դարյանի «Հանրապետության նախագահը»), Կորիոլան (Վիլյամ Շեքսպիրի «Կորիոլան»), Ավետյան (Պերճ Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն»): 
 
Հայկական մի քանի լավագույն կինոնկարների հաջողությունները պայմանավորված են նաև Աբրահամյանի դերակատարումներով`   Գևորգ («Սարոյան եղբայրներ», 1968թ.), Ռոստոմ («Տերը», 1968 թ.), Պավլե («Մենք ենք, մեր սարերը», 1969թ.), Արմեն («Երևանյան օրերի խրոնիկա», 1972թ.), Մյասնիկյան («Երկունք», 1977թ.), Տեր-Ավետիս («Հուսո աստղ», 1978թ.), Սիսակյան («Ապրեցեք երկար», 1979թ.) և այլն: Աբրահամյանը նկարահանվել է նաև Մոսֆիլմի 3 կինոնկարում՝ «Առաջին էշելոնը», «Բարձունք», «Նրա կյանքի նպատակը»:
 
Աբրահամյանի դերակատարումներին բնորոշ են դրամատիկական զսպվածությունը, հոգեբանական խոր վերլուծությունը, խոսքի նուրբ հղկվածությունը: Նրա ստեղծագործական հաջողությունները պայմանավորված էին իր արվեստի ինքնատիպությամբ, արտիստական խառնվածքին հատուկ համարձակությամբ և արդիականության խոր զգացողությամբ: Գ.Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրել է Ն. Զարյանի «Հացավան»-ը:
 
Խ.Աբրահամյանը «Հացավան» (ըստ Ն. Զարյանի)  պիեսի տեսարանի, Շեքսպիրի «Ջոն արքա», Գյումրիի թատրոնում՝ Արտաշես Քալանթարյանի «Թիկունք», Պ.Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն», Պաոլո Ջակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը» (նաև եղել է Կորրադոյի դերակատարը) ստեղծագործությունների բեմադրությունների ռեժիսորն էր:
 
Աբրահամյանը մասնակցել է նաև բազմաթիվ ռադիո և հեռուստաբեմադրությունների (Մարսել Պանյոլի «Տոպազ», Ն. Զարյանի «Փորձադաշտ» և այլն): Մահացել է 2004թ. դեկտեմբերի 10-ին:
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.