Encyclopedia

Ավետ Ավետիսյան

Անվանի դերասան Ավետ Ավետիսյանը (իսկական ազգանունը՝ Ոսկանյան) ծնվել է 1897թ.-ի նոյեմբերի 12 (24)-ին Թբիլիսիում: Մինչև հինգերորդ դասարանը սովորել է Թբիլիսիի Ներսիսյան դպրոցում, ապա կտորեղենի խանութում եղել է աշակերտ և գործակատար: Այս բնագավառում էլ ծանոթացել է այն հերոսներին ու բարքերին, որոնք տարիներ անց պիտի ներկայացներ բեմում:

1918թ. մեկնել է Բաքու, ընդունվել Հովհաննես Աբելյանի թատերախումբ: Առաջին դերը Շիրվանզադեի «Չար ոգի» պիեսի Ոսկանի մարմնավորումն էր: Թբիլիսիի հայոց դրամատիկական թատերախմբում Ավետիսյանը մարմնավորել է իրեն ծանոթ ու հարազատ դերեր, որոնցով ձևավորվել և հասունացել է նրա արվեստը: 

1922թ. Ավետիսյանն ընդունվել է Երևանի նորաստեղծ Առաջին պետթատրոն (այժմ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոն): Նրա խաղացանկն ընդգրկել է հայ, ռուս և արևմտաեվրոպական հեղինակների պիեսներ: 1920-ական թթ. Ավետիսյանը հայտնի է դարձել Սաքոյի, Զամբախովի դերերով:
 
Ժամանակի հայ թատրոնում լինելով Գ. Սունդուկյանի կերպարների խոշորագույն մեկնաբաններից`   դերասանը նրանց ներկայացրել է երգիծական շեշտված գծերով: Հիշարժան են Զամբախովի և Փարսիղի, Սարգսի դերակատարումները «Խաթաբալայում», «Քանդած օջախում» և «Էլի մեկ զոհում»:
 
Բեմական անձնավորման լավագույն օրինակներ են Ավետիսյանի Միկիտան Սաքոն (Պերճ Պռոշյանի «Հացի խնդիր»), Շպրիխը (Միխայիլ Լերմոնտովի «Դիմակահանդես»), Յագոն (Վիլյամ Շեքսպիրի «Օթելլո»), Սաղաթելը, Մարութխանյանը (Ալեքսանդր Շիրվանզադեի «Պատվի համար», «Քաոս»):
 
Պարզ, ցայտուն, տպավորիչ արտահայտչաձևերով, հստակ ու հատու բեմական խոսքով նա իր անձնավորած կերպարներին հաղորդել է հավաստի, ճշմարտացի նկարագիր: Ավետիսյանի վերջին դերակատարումը թատրոնում ծերունի Անտոնիոն էր Էդուարդո դե Ֆիլիպոյի «Շաբաթ, կիրակի, երկուշաբթի» պիեսում: 
 
Ավետիսյանը նկարահանվել է հայկական 28 կինոնկարում: Հիշարժան կինոդերերից են Հայրապետը («Նամուս», 1925թ.), Բազազ Արտեմը («Գիքոր», 1934թ.), Զիմզիմովը («Պեպո», 1935թ.), Սպարապետը («Զանգեզուր», 1938 թ.), Սաղաթելը («Պատվի համար», 1956թ.) և այլն: Մահացել է 1971թ.-ին: 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.