Encyclopedia

Ղազարոս Աղայան

Գրող, մանկավարժ, հրապարակախոս, գրական-հասարակական գործիչ Ղազարոս Աղայանն (1840թ. ապրիլի 5 - 1911թ. հունիսի 20) ինքնակենսագրական վեպի ժանրի հիմնադիրն է հայ գրականության մեջ, Խաչատուր Աբովյանի լուսավորական հայացքների հետևորդը: Մանուկների համար գրած նրա բազմաթիվ ստեղծագործություններ առանձնահատուկ տեղ ունեն հայ մանկական գրականության մեջ:

Ղազարոս Աղայանը սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա մեկ տարի սովորել է  Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, այնուհետև զբաղվել ինքնակրթությամբ: Դասավանդել է Ախալցխայի, Ալեքսանդրապոլի, Երևանի, Շուշիի դպրոցներում: 1861–1862թթ. եղել է գրաշար Թիֆլիսում, 1862–1867թթ.՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում: 1867թ. վերադարձել է հայրենիք. նշանակվել է Էջմիածնի տպարանի կառավարիչ, 1869–1870թթ. խմբագրել է «Արարատ» ամսագիրը:

 

Ձերբակալվել է ազգայնականության մեղադրանքով և մինչև կյանքի վերջը եղել ցարական ժանդարմերիայի հսկողության տակ: Աղայանը 1900-ական թվականներին Թիֆլիսում Հովհաննես Թումանյանի ստեղծած «Վերնատուն» գրական խմբակի եռանդուն անդամներից էր, նրա նահապետը: 
 
Աղայանը գրել է բանաստեղծություններ, հեքիաթներ, վիպակներ:
Նա օժտված էր բնության զարմանալի զգացողությամբ և նկարչի նուրբ դիտողականությամբ: Աղայանի պոեզիայում առանձնանում են «Հիշողություն», «Ճախարակ», «Սերմնացան», «Մանուշակ» բանաստեղծությունները, «Տորք Անգեղ» պոեմը: 
 
Աղայանի մանկական բանաստեղծություններից շատերը («Արեգակ», «Առավոտը գյուղում», «Ճախարակ» և այլն) այժմ էլ զարդարում են դպրոցական դասագրքերը: Նրա ամենահայտնի արձակ երկերն են «Արություն և Մանվել», «Երկու քույր» վեպերը: 
 
Հայ հեքիաթագրության լավագույն նմուշներից են Աղայանի «Անահիտը», «Արեգնազանը», «Հազարան բլբուլը», «Վիշապին հաղթողը», «Եղեգնուհին»:
 
Աղայանը I–IV դասարանների համար կազմել է «Ուսումն մայրենի լեզվի» դասագրքերը. նրա կազմած այբբենարանով շուրջ 40 տարի դասավանդել են հայկական դպրոցներում: 
 
Աղայանի անունով են կոչվել դպրոցներ և փողոցներ Երևանում, ՀՀ, ԼՂՀ տարբեր բնակավայրերում և ծննդավայրում: Բոլնիս-Խաչենում գործում է գրողի տուն-թանգարանը:
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.