Encyclopedia

Բլեզ Պասկալ

Ֆրանսիացի մաթեմատիկոս, ֆիզիկոս, փիլիսոփա և գրող, հիդրոստատիկայի հիմնական օրենքի հեղինակ Բլեզ Պասկալը (1623թ. հունիսի 19 - 1662թ. օգոստոսի 19) ծնվել է իրավաբանի ընտանիքում: Նրա մաթեմատիկական ընդունակությունները դրսևորվել են վաղ հասակում, 16 տարեկանում ձևակերպել է պրոյեկտիվ երկրաչափության հիմնական թեորեմներից մեկը, որը հետագայում կոչվել է Պասկալի թեորեմ:
1641թ. նա ստեղծել է գումարող մեքենա, գտել ամբողջ թիվը մեկ այլ ամբողջ թվի վրա բաժանելու երկանդամային գործակիցների հաշվման եղանակ, որը հայտնի է Պասկալի եռանկյուն անունով: 1653թ. Պասկալը սահմանել է հիդրոստատիկայի հիմնական օրենքը (Պասկալի օրենք), որի համաձայն՝ հեղուկի մակերևույթին արտաքին ուժերի գործադրած ճնշումը հեղուկը հավասարապես հաղորդում է բոլոր ուղղություններով: 
 
Նրա այդ օրենքի վրա է հիմնված իր իսկ բացահայտած հիդրավլիկական մամլիչների և հիդրավլիկական այլ մեքենաների գործողության սկզբունքը: Պասկալն ապացուցել է նաև, որ օդն ունի կշիռ, հայտնաբերել է ճնշաչափի (բարոմետր) աշխատանքի սկզբունքը և այն կիրառել եղանակը կանխագուշակելու համար: Պասկալը նշանակալի հետք է թողել նաև ֆրանսիական դասական արձակի ձևավորման և փիլիսոփայության վրա: 
 
1669թ. հրատարակած «Խորհրդածություններ...» անավարտ փիլիսոփայական երկում, մարդու արժանիքը համարելով մտածելու ունակությունը, միաժամանակ առաջ է քաշել մարդու ողբերգականության և դյուրաբեկության գաղափարը, մարդուն անվանել է «մտածող եղեգ»: Նա մարդու փրկության միակ ուղին տեսնում էր քրիստոնեական հավատի մեջ:
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.