Encyclopedia

Սոսե Մայրիկ

Սոսե Մայրիկը (Սոսե Վարդանյան) (1865-1952) հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ է, Աղբյուր Սերոբի կինը: Ծնվել է 1865թ. Սոխորդ գյուղում (Խլաթ գավառ, Տուրուբերան նահանգ, Արևմտյան Հայաստան): 13 տարեկանում ամուսնացել է Խչեենց Սերոբի՝ ապագա նշանավոր ֆիդայի Սերոբ Աղբյուրի հետ։

1890-ականերին Սերոբը պանդխտության է մեկնում, իսկ Սոսեն Հակոբ զավակի հետ մնում է գյուղում։ 1895թ., երբ Սերոբը վերադառնում է Խլաթ և սկսում քարոզել «Տղաք, առանց հացի մնացեք, առանց զենքի մի մնաք», Սոսեն նրա կողքին էր: Ֆիդայիների սկզբունքներից մեկն էր չամուսնանալ, իսկ նախապես ամուսնացած լինելու պարագայում՝ հեռու մնալ ընտանիքներից։

Սակայն, Սոսեն մնացել է ամուսնու հետ։ 1899թ. Սերոբի թաքստոցն էր Գելիեգուզան գյուղը։ Մի դավաճան մատնում է Սերոբին և նրա ծխախոտի մեջ թույն դնելով՝ թունավորում: Երբ թուրքերը պաշարում են գյուղը, Սերոբն այնքան տկար էր, որ ոտքի վրա չէր կարող մնալ։ Սոսեն ամուսնուն թևանցուկ գյուղից հանում է դուրս՝ դեպի մոտակա լեռը։ Կնոջ օգնությամբ Սերոբն ութ ժամ անընդմեջ մարտնչում է թշնամու դեմ։

Երբ թուրքական գնդակից զոհվում է Սերոբը`   Սոսեն անմիջապես նրա ձեռքից վերցնում է հրացանը և շարունակում կռվել։ Այս մարտում զոհվում է նաև Սոսեի և Սերոբի անդրանիկ որդին՝ Հակոբը։ Սոսեն շարունակել է կռիվը։ Անհավասար մարտում թուրքերին հաջողվեց գրավել լեռնալանջը, կտրել անկենդան Սերոբի գլուխը և որպես ավար՝ տանել իրենց հետ։ Գրեթե անկենդան Սոսեին թուրքերը նետեցին Բաղեշի բանտ։

Ազատվելուց հետո Սոսեն անցնում է Կովկաս, ապա՝ Պոլիս և վերջապես հաստատվում Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում, որտեղ 1952թ. վախճանվում է։ 1990-ականերին նրա աճյունը տեղափոխվել և հողին է հանձնվել Եռաբլուրում։ Սոսե Մայրիկի մասին ժողովուրդը երգեր է հյուսել։

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.