Encyclopedia

Րաֆֆի

Հայ արձակի խոշորագույն դեմքերից մեկը`   Րաֆֆին ծնվել է 1835թ. Փայաջուկ գյուղում (Պարսկաստանի Սալմաստ գավառ): Նրա ստեղծագործությամբ հայկական ռոմանտիզմը հասել է իր բարձրակետին, հայ գրականությունը մերձեցել համաշխարհային գրականության չափանիշներին:

Րաֆֆին (իսկական անուն-ազգանունը՝ Հակոբ Մելիք-Հակոբյան) նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի ծխական վարժարանում, 1847թ. մեկնել է Թիֆլիս, սովորել է Կարապետ Բելախյանցի մասնավոր դպրոցում, իսկ 1852թ. ընդունվել է ռուսական գիմնազիայի 4-րդ դասարան: 

1856թ. վերադարձել է Փայաջուկ՝ տնօրինելու գերդաստանի տնտեսական գործերը: 1860-ական թվականների վերջերին, սակայն, ստիպված լինելով հոգալ սնանկացած ընտանիքի նյութական խնդիրները, Րաֆֆին կրկին մեկնել է Թիֆլիս: Գրիգոր Արծրունու հրավերով 1872թ.-ից դարձել է «Մշակ» թերթի գլխավոր աշխատակիցը, որտեղ էլ տպագրել է իր գեղարվեստական գործերի մի մասը, հրապարակախոսական հոդվածներն ու ուղեգրությունները: 
 
1875– 1877թթ. դասավանդել է Թավրիզի Արամյան, 1877–79թթ.՝ Ագուլիսի հայկական դպրոցներում, ապա վերադարձել է Թիֆլիս և մինչև կյանքի վերջն զբաղվել բացառապես գրական գործունեությամբ:
 
Րաֆֆին ճանապարհորդել է պարսկահայ և թուրքահայ գրեթե բոլոր գավառներում, գրի առել հարուստ տեղեկություններ Հայաստանի բնության, աշխարհագրական դիրքի, ժողովրդի բարքերի ու կենցաղի վերաբերյալ, որոնք հետագայում հսկայական նյութ են տվել նրա գրական մտահղացումներին:
 
1860–70-ական թվականներին գրած «Սալբի» (1866թ.), «Խաչագողի հիշատակարանը» (1869–70թթ.) վեպերում, «Հարեմ» (1874թ.) վիպակում, «Գեղեցիկ Վարթիկը» (1872թ.), «Անբախտ Հռիփսիմեն» (1872 թ.), «Մի օրավար հող» (1873թ.) պատմվածքներում և այլ գործերում Րաֆֆին նկարագրել է պարսկահայության կյանքը, ազգային խտրականությունն ու սոցիալական անարդարությունները և հանգել այն մտքին, որ նմանատիպ հակասությունները կարելի է լուծել լուսավորության միջոցով, ինչպես նաև պայքարի, դիմադրության ու ազգային ինքնագիտակցության բարձրացման ճանապարհով:
 
Րաֆֆու ստեղծագործության մեջ բացառիկ տեղ ունեն «Դավիթ Բեկ» (1882թ.), «Պարույր Հայկազն» (1884թ.), «Սամվել» (1886թ.) պատմավեպերը և «Խամսայի մելիքություններ» (1882թ.) պատմական ուսումնասիրությունը:
 
«Սամվելը» հայ դասական պատմավեպի խոշոր նվաճում է: Վեպի հիմքում ազգապահպանության գաղափարն է: Րաֆֆին ապրել է բախտորոշ մի ժամանակաշրջանում, երբ Ռուսաստանը և Թուրքիան հայերի հանդեպ վարում էին  բացահայտ ազգաձուլման քաղաքականություն: Ճակատագրի չար հեգնանքով նման իրադրություն էր Հայաստանում նաև IV դարում, երբ հայերի հանդեպ նույն քաղաքականությունն էին վարում Պարսկաստանն ու Բյուզանդիան: Այս իրողություններն էլ դարձել են վեպի պատմական հենքը, որոնց գեղարվեստական վերլուծության միջոցով Րաֆֆին փորձել է ժամանակի քաղաքական ծանր կացությունից դուրս գալու ելք գտնել:
 
Իր քննադատական հոդվածներում, գրախոսություններում, երկերի առաջաբաններում Րաֆֆին արձագանքել է գրական շարժման կարևոր երևույթներին, XIX դարի հայ գրականության զարգացման օրինաչափություններին, ժամանակակից ու պատմական վեպի տեսության հարցերին և այլ խնդիրների:
 
Երևանում և ՀՀ այլ վայրերում Րաֆֆու անունով կոչվել են փողոցներ, դպրոցներ: «Խաչագողի հիշատակարանը» վեպի հիման վրա նկարահանվել է համանուն կինոնկարը (2010թ., «Երևան» ստուդիա):
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.