Encyclopedia

Զիգմունդ Ֆրեյդ

Հոգեբույժ, նյարդաբան ու հոգեբան Զիգմունդ Ֆրեյդը (1856թ. մայիսի 6 - 1939թ. սեպտեմբերի 23) հոգեվերլուծության և նյարդային խանգարումների բուժման հոգեվերլուծական մեթոդի հիմնադիրն է: Մարդու հոգեկան կառուցվածքի մասին նրա տեսությունը կոչվում է «ֆրեյդիզմ»:

Զիգմունդ Ֆրեյդը (Ֆրոյդ) ծնվել է հրեա բրդավաճառի ընտանիքում 1856 թվականի մայիսի 6-ին: Նա ավարտել է Վիեննայի համալսարանի բժշկական ֆակուլտետը: 1876-1882թթ. աշխատել է Վիեննայի ֆիզիոլոգիայի ինստիտուտում (1881թ.-ից՝ բժշկագիտության դոկտոր), 1882թ.-ից՝ կենտրոնական հիվանդանոցում:

 

1885թ.-ից դասավանդել է Վիեննայի համալսարանում (1902թ.-ից՝ պրոֆեսոր): 1885-1886թթ. Փարիզի Սալպետրիեր կլինիկայում աշակերտել է հայտնի նյարդաբան-հոգեբան Ժան-Մարտեն Շարկոյին, մասնագիտացել նաև հոգեախտաբանության մեջ: 

Գործունեության վաղ շրջանում Ֆրեյդն զբաղվել է գլխուղեղի անատոմիական կառուցվածքի, ֆիզիոլոգիական գործառույթների տեղորոշման, խոսքի խանգարումների և այլ խնդիրների ուսումնասիրությամբ:
 
1890-ական թվականներին հոգեբույժների ֆրանսիական դպրոցի, հատկապես՝ Ժան-Մարտեն Շարկոյի ազդեցությամբ Ֆրեյդն զբաղվել է նյարդային խանգարումների (հիստերիա, վախ, ատելություն և այլն) ուսումնասիրությամբ և բուժմամբ:
 
1895թ. հոգեբույժ Յոզեֆ Բրեյերի հետ հրատարակել է «Հիստերիայի հետազոտությունը» աշխատությունը, ըստ որի՝ հիստերիայի ախտանշանների առաջացման պատճառը դրանց ծնող իրավիճակի մասին պահպանված (ճնշված) հիշողություններն են: Հիվանդությունը կարելի է բուժել հիպնոսի օգնությամբ: 
 
Ավելի ուշ Ֆրեյդը հրաժարվել է հիպնոսից, 1895թ. առաջադրել է նևրոզների բուժման հոգեվերլուծական իր եղանակը: Առաջինը նա է օգտագործել «հոգեվերլուծություն» եզրույթը: Ըստ Ֆրեյդի՝ մարդու հոգեկանը կազմված է 3 բաղադրիչից՝ Այն (Իդ), Ես (Էգո) և Գեր-Ես (Սուպեր-Էգո):
 
«Այն»-ն անգիտակցական (գիտակցականի սահմաններից դուրս գոյություն ունեցող) հակումներն են, «Ես»-ը իրականության սկզբունքն է, «Գեր-Ես»-ը ձևավորվում է, երբ մարդը յուրացնում է հասարակական (սոցիալական) նորմերը:
 
Վերջինս նույնպես հոգեկանի վրա ազդում է անգիտակցականի շրջանակում՝ առաջացնելով խղճի և մեղքի չգիտակցված զգացողություն: Ըստ Ֆրեյդի՝ անգիտակցականի դրսևորումները մշտական հակադրության մեջ են իրականության սկզբունքի հետ, որին հարմարվում է գիտակցականը:
 
1897թ.-ից Ֆրեյդը հատուկ ուշադրություն է դարձրել երազների մեկնաբանությանը: 1900թ. տպագրած «Երազատեսության մեկնաբանությունը» աշխատության մեջ պարզաբանել է երազների տեսակները, նրանց կապը հիշողությունների, տպավորությունների, առօրյա մտքերի ու ապրումների, նյարդային հիվանդությունների ախտանշանների հետ: 
 
1908թ. Ֆրեյդը Յոզեֆ Բրեյերի և հոգեբան Կարլ Յունգի հետ հրատարակել է «Հոգեվերլուծական և հոգեախտաբանական հետազոտությունների տարեգիրքը», 1910թ. հիմնել է Միջազգային հոգեվերլուծական ընկերակցությունը:
 
Նույն թվականին Ֆրեյդին հրավիրել են Ամերիկա՝ Կլարկի համալսարանում  (Մասաչուսեթսի նահանգ) դասավանդելու: Հետագա տարիներին Ֆրեյդը լույս է ընծայել «Տոտեմ և տաբու» (1913թ.), «Զանգվածների հոգեբանությունը և մարդկային «Եսի» վերլուծությունը» (1921թ.), «Ես» և «Այն» (1923թ.) և այլ աշխատություններ: 
 
Ֆրեյդն անդրադարձել է նաև գործնական բժշկության բազմաթիվ կարևոր հարցերի, հրատարակել մենագրություններ կրոնի ու մշակութային հիմնախնդիրների մասին: 1938թ., երբ ֆաշիստական Գերմանիան բռնազավթել է Ավստրիան, Ֆրեյդը տարագրվել է Անգլիա: 
 
Ֆրեյդի գաղափարները միանշանակ չեն ընդունվում: Կողմնակիցների կարծիքով դրանք դարձել են համաշխարհային գիտամշակութային ժառանգության մաս և մեծ ազդեցություն թողել հոգեբուժության զարգացման վրա, իսկ հակառակորդները հիմնականում մերժում են այդ տեսակետը:
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.