Encyclopedia

Եղիա Տեմիրճիպաշյան

Արևմտահայ արձակագիր, բանաստեղծ, փիլիսոփա Եղիա Տեմիրճիպաշյանը (1851թ. մայիսի 8 - 1908թ. հուլիսի 19) ծնվել է Կ.Պոլսի Խասգյուղ թաղամասում։ Նախնական ուսումն ստացել է Օհաննես Պատվելիի դպրոցում, ապա Խասգյուղի Ներսիսյան վարժարանում՝ աշակերտելով Թովմաս Թերզյանին և Մատաթիա Գարագաշյանին:

Դասընկերներից էր նաև Ռեթեոս Պերպերյանը։ 1866թ.-ին փոխադրվում է Խասգյուղ`   Նուբար փաշայի նոր հիմնած Շահնազարյան վարժարան։ Այստեղ ուսանելուն զուգահեռ օգնական ուսուցիչ էր կրտսեր դասարաններում։

 

Մոլի ընթերցասեր էր։ 1870թ.-ին Տեմիրճիպաշյանը Բարձր դռան տպագրության դիվանի անդամ էր, ուր կարդում էր այնտեղ ուղարկվող ողջ մամուլը, ապա ստանձնում Հանրօգուտ շինությունների նախարարության վարչական ժողովի քարտուղարի պաշտոնը, որից նույնպես շուտով հրաժարվեց։

 

1874թ.-ին մի օրիորդի հանդեպ սիրով լի, որը որոշել էր ամուսնանալ հարուստ մի պաշտոնյայի հետ, հուսահատությունից փորձում է ինքնասպան լինել`   նետվելով ծովը։ Սակայն ջրի պաղությանը չի դիմանում և դուրս է գալիս։
 
Նույն թվին մեկնում է Ֆրանսիա`   Մարսելի Առևտրական բարձրագույն վարժարանում ուսանելու, բայց դրա փոխարեն հրատարակում է «Le Littaeraire et Financier de Marseille» շաբաթաթերթի մի քանի համար`   Արևմուտքին հայությունը ներկայացնելու ձգտումով։
 
Այս ընթացքում հանգամանորեն ուսումնասիրում է նաև պոզիտիվիստ փիլիսոփաների, հատկապես՝ Էմիլ Լիտրեի երկերը։ Ծանոթանում է Ֆրանսիայի նշանավոր գործիչների հետ, այցելում Վիկտոր Հյուգոյին։ 1876թ.-ին վերադառնում է Կ.Պոլիս։ Անդամակցում է կրթական նախարարության թարգմանությանց դիվանին։
 
Մասնակցում է ընտրողական աշխարհաբարի պայքարին, բայց պահպանողական մամուլը փակվում է նրա առջև։ Տեղ չգտնելով մամուլում`   սկսում է գրքույկներ հրատարակել։ Առաջինը «Դամբարանն» է (1879թ.)։ 1880թ.-ին «Մասիսը» նրան հրավիրում է աշխատակցելու։
 
Հակառակ իր դիմադրությանը՝ հասարակական աշխատանքի հանդեպ թաղական են ընտրում Պեշիկթաշից, 1880թ.-ին երեսփոխան`   Սթենիա-Ենիքյոյ միացյալ թաղերից։ Նրա առողջությունն անհույս վիճակում էր, թերթերից ստացած չնչին հոնարարով էր պահպանում գոյությունը։ 
 
Նրա վիճակը որոշ չափով բարելավվեց, երբ տեսուչ նշանակվեց Բերայի վարժարաններում և փիլիսոփայության դասախոս`   Հայկական կրթարանում։ 1882թ.-ին բանախոսելու է հրավիրվում տարեկան բոլոր հանդեսներում։ 1883թ.-ի հունվարից մինչև 1889թ. լույս է ընծայում «Գրական և իմաստասիրական շարժումը» հանդեսը, որի նյութերը գրում էր ինքը։
 
1884թ.-ին Գրիգոր Զոհրապի առաջարկով նրան է հանձնվում Ասիական Ընկերության օրգան «Երկրագունտ» գրական և գիտական հանդեսը։ Այստեղ նույնպես լույս են տեսնում նրա բազմաթիվ գրվածքները։ 1886թ.-ից 1887թ.-ի մի քանի ամիսը Տեմիրճիպաշյանը խմբագրում է նաև Արևելյան Տնտեսագիտական Միության «Տնտես» հանդեսը, իսկ 1889թ.-ին տպագրում է «Դար» հանդեսը (մեկ համար)։
 
Նա ոչ միայն խմբագրում, այլև մի քանի անգամ սրբագրում էր նշված հանդեսների նյութերը։ Ավելին՝ մասնավորապես «Շարժումի» ողջ աշխատանքն իր վրա էր. ոչ միայն խմբագիր ու հեղինակ էր, այլև մատակարար, բեռնակիր, ցրիչ։ Այդ շրջանում Տեմիրճիպաշյանը աշխատում է նաև ֆրանս-հայերեն բառարանի վրա, որը հրատարակվեց մի քանի անգամ (1886, 1894, 1896, 1930 թթ.)։
 
1890թ.-ի հուլիսի 31-ին կորցնում է մորը, իսկ տարիներ առաջ էլ կորցրել էր հորը։ Մինչև 1893թ.-ը Տեմիրճիպաշյանը շարունակում է դասավանդել փիլիսոփայություն, փիլիսոփայության պատմություն, պատմության փիլիսոփայություն, հին ու նոր գրականությունների պատմություն, մանկավարժություն, էսթետիկա, հոգեբանություն։
 
1893թ.-ը ճգնաժամային էր Եղիայի համար։ Առժամանակ դադարում է գրել։ Դարձյալ մայիսին՝ իր ծննդյան ամսին, նա ինքնասպանության երկրորդ անհաջող փորձն է կատարում։ Նրան փրկում է մակույկավար Պետոն`   Սուրեն Պարթևյանի եղբայրը։ 1893թ.-ի աշնանը Տեմիրճիպաշյանը փոխադրվում է Խասգյուղի իրենց սեփական տունը և սկսում նորից գրել՝ տպագրվելով հատկապես «Ծաղիկ» հանդեսում։
 
1895թ.-ի ձմռանը Բերայում ծանոթանում է հունգարուհի Էլեն Նիսընի հետ, որը դառնում է նրա հետագա կյանքի ուղեկիցը։ Նրա տանը երկու տարի բնակվելուց հետո Տեմիրճիպաշյանը մեկնում է Ժնև, ապա`   Վիեննա։ Ճամփորդությունը չի ապաքինում նրան, սակայն վերսկսում է հանդես գալ մամուլում։ Չորսամյա լռությունը խախտում է «Բյուզանդիոնում» լույս տեսած «Մեր Պոսֆորը»։
 
1901թ.-ին հիվանդությունը սրվում է, փոխադրվում է Ազգային հիվանդանոց, ուր մնում է մոտ մեկ տարի։ Նրան հոգատարությամբ խնամում էր Էլեն Նիսընը։ 1908թ.-ին հուլիսի 19-ին՝ Էլեն Նիսընի կարճատև բացակայության ժամանակ, Եղիան, լարելով վերջին ուժերը,  ինքնասպանությամբ վերջ է դնում կյանքին։
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.