Encyclopedia

Քեռի (Արշակ Գաֆաֆյան)

1856թ. Կարինում ծնված Քեռին (Արշակ Գաֆաֆյանը) պատանեկան տարիներին զբաղվել է արհեստով, դարձել հմուտ կոշկակար, նորոգել թամբեր: Նրա երեսունն անց էր, երբ ընտրեց ժողովրդին ծառայելու ուղին: 1890թ. անդամագրվում է Սարգիս Կուկունյանի ջոկատին և մեկնում Թուրքիա: Ջոկատի անհաջողությունից հետո Քեռուն հաջողվում է խուսափել ձերբակալությունից և թաքնվել:

1895թ. նա հայտնվում է Արևմտյան Հայաստանում և Բասենի հովտում կազմակերպում ինքնապաշտպանություն ընդդեմ թուրքերի ու քրդերի զինված ավազակախմբերի: 1903թ. Քեռին մի խումբ ֆիդայիների հետ մեկնում է օգնելու Սասունի ինքնապաշտպանությունը կազմակերպող ֆիդայիներին: 1905-06թթ. հայ-թաթարական ընդհարումների ժամանակ Քեռին կազմակերպում է Զանգեզուրի, Շարուր-Դարալագյազի հայկական գյուղերի ինքնապաշտպանությունը: 

1908-09թթ. Քեռին արդեն Պարսկաստանում էր և պարսկական հեղափոխության հրամանատար Եփրեմ Խանի (Եփրեմ Դավթյան) մերձավոր զինակիցն էր:
 
Ահա թե ինչ է գրել Արշակ Գաֆաֆյանի մասին «Ռուսսկիյե վեդոմոստի» թերթը 1916թ. «Ռևանդուզի մոտ, առաջին գծում գրոհելիս զոհվեց Հայկական չորրորդ կամավորական գնդի հրամանատար Քեռին: Ռուս ընթերցողին այդ անունը քիչ բան է ասում: Իսկ հայերն այնպիսի ակնածանք էին տածում նրա հանդեպ, որ միայն շատ քիչ ընտրյալների բախտաբաժինն էր: Եվ այդ ակնածանքը միանգամայն վաստակած էր»: Իսկ հայկական «Արև» թերթը գրում էր. «Դուրս գալով ժողովրդի ծոցից`   Քեռին աշխատում էր ոգեշնչված՝ առաջնորդվելով ժողովրդական իմաստնությամբ, ամենուրեք ցամաքեցնում էր արցունքները, պայքարում չարի դեմ, պաշտպանում ընչազուրկներին, հալածվածներին ու թույլերին: Բայց միայն զգացմունքը, տրամադրությունը բավական չեն հասարակական գործիչ դառնալու համար: Հարկավոր է ունենալ կամք ու լինել անձնազոհ, և Քեռին օժտված էր այդ հատկություններով ու դրսևորում էր քանիցս`   ամեն օր, ամեն ժամ`   իր երեսնամյա գործունեության ընթացքում: Հասարակությունը պետք է գնահատի մեզ համար աշխատող և հերոսի մահով զոհված գործիչներին: Նրանց թվում պետք է գնահատի մեր անչափ համեստ, աշխատասեր ու տոկուն մարտիկ Քեռուն…»:
 
1914-15թթ. ստեղծվում են հայկական կամավորական ջոկատները, և 4-րդ ջոկատի հրամանատար է դառնում Քեռին: Այդ ժամանակ նա արդեն 58 տարեկան էր: Նրա ջոկատը կռվում էր Սարիղամիշի հատվածում, որտեղ թուրքական բանակն Էնվեր փաշայի գլխավորությամբ կենտրոնացրել էր հիմնական հարվածը: Ռազմական պատմության մեջ հավերժացված է նրա նահանջը 1914թ. դեկտեմբերին: Հին ֆիդային մի խումբ քաջերի հետ մարտնչում էր թշնամու դեմ`   թույլ չտալով շրջանցել հակահարձակման պատրաստվող ռուսական բանակի թևերը: Եվ Քեռին Կարս եկավ հյուծված, ծեծված, բայց ոչ պարտված:
 
Ահա թե ինչպիսի բնութագիր էր գրել Քեռու մասին գեներալ Նազարբեկյանը 1915թ. մայիսին. «Քեռին հայկական դրուժինաների բոլոր հրամանատարներից ամենահամակրելին է: Ռազմական գործը շատ լավ է հասկանում և որպես հրամանատար մարտի ժամանակ անփոխարինելի է: Հարգանք է վայելում ռուս սպաների շրջանում, թեև ռուսերեն չգիտի: Իրեն պետերից հեռու է պահում»:
 
«Այդ հին ֆիդային դրուժինայի հոգին էր, նրա հայրը: Նրան բոլորն էլ սիրում էին: Միայն նրա դրուժինայում եմ հանդիպել հույների, ռուսների, եզդիների, ասորիների: Նրա մոտ հաճույքով էին գնում: Հպարտանում էին նրանով: Քեռին ուներ հրամանատարի`   մարդկանց պահպանելու, իզուր զոհերից խուսափելու արժեքավոր հատկանիշ: Եվ նա հասել էր դրան: Մարտում խիստ էր: Մարտից հետո`   բոլոր զինվորների ու սպաների բարեկամն ու լավ ընկերը: Երբ ես նրան հարցրի, թե ինչ զինվորական կոչման է հավակնում, նա պատասխանեց. «Պոդպորուչիկն էլ հերիք է»: 
 
Քեռին զոհվել է Ռևանդուզի ճակատամարտում 1916թ. մայիսին 15-ին: Թուրքերը, արևմուտքից Ռևանդուզի մոտ նետելով իրենց առավել մարտունակ դիվիզիաները, փորձում էին շրջապատել ռուսական ոչ մեծաթիվ ստորաբաժանումը և նրա հետ գործող Քեռու և Իշխանի կամավորական ջոկատները: Երեք օր ու գիշեր կատաղի մարտեր էին ընթանում: Ռուսական գլխավոր ուժերը լեռնանցքի մյուս կողմում էին և չգիտեին, թե ինչ է կատարվում առանձին ջոկատի հետ: Թուրքերն արդեն տոնում էին հաղթանակը: Ռուսներն ու հայերը որոշել էին կռվել մինչև վերջ`   լավ իմանալով, որ թուրքերը գերի չեն վերցնում:
 
Մայիսի 15-ի գիշերը Քեռին հավաքում է իր մարտիկներին և որոշում անձամբ գլխավորել ճեղքումը: Այնինչ թուրքերն անընդհատ ուժեղացնում էին կրակը: Հենց Ռևանդուզի մոտ նրանք կիրառեցին պայթուցիկ գնդակներ, որոնք առգրավվել էին անգլիացիներից: Հապաղել չէր կարելի, և Քեռին իր խումբը տարավ հարձակման:
 
Առանց գլխարկի, քամուց ծածանվող ալեհեր մազերով, արհամարհելով վտանգը, նա գնում էր առջևից և իր անձնական օրինակով ոգևորում բոլորին: Ճեղքումը հաջողվում է, թուրքերը սկսում են խուճապահար փախչել, բայց մարտում զոհվում է Քեռին: Հերոս հրամանատարին թաղում են Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանատանը: Հուղարկավորությանը մասնակցում էր 30 հազար մարդ:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.