Encyclopedia

Վիլյամ Սարոյան

Ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանը (1908թ. օգոստոսի 31 - 1981թ. մայիսի 18) համաշխարհային գրականության ականավոր ներկայացուցիչներից է: Նա պատմվածքի ժանրը հարստացրել է սոցիալ-հոգեբանական նոր թեմատիկայով, մարդու, մարդկային մտածողության, ապրումների և բարոյականության մասին թարմ ասելիքով, պատումի նոր ձևերով:

Վիլյամ Սարոյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Բիթլիս (Բաղեշ) քաղաքից Ֆրեզնո գաղթած հայի ընտանիքում: 4 տարեկանում զրկվել է հորից, որոշ ժամանակ ապրել է որբանոցում: Այնուհետև մայրը որդուն հանել է որբանոցից, կրթության տվել: Ընտանիքի հոգսն ստիպել է պատանուն թողնել դպրոցը և փողոցներում լրագիր վաճառել, ապա դարձել է հեռագրատան ցրիչ: Աշխատանքը, սակայն, նրան չի խանգարել զբաղվել ընթերցանությամբ, ստեղծագործել է, գրել փոքրիկ պատմվածքներ: 

 

Բոստոնի «Հայրենիք» շաբաթաթերթում 1933թ. տպագրվել է նրա առաջին պատմվածքը՝ Սիրակ Գորյան ստորագրությամբ: Սարոյանի պատմվածքների անդրանիկ ժողովածուն՝ «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա...»-ն, լույս է տեսել 1934թ. և միանգամից ճանաչում բերել երիտասարդ գրողին: 1939թ. «Կյանքիդ ժամանակը» պիեսի համար Սարոյանն արժանացել է Նյու Յորքի քննադատների և Պուլիցերյան մրցանակի, բայց վերջինից (10 հզ. դոլար) հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ պետությունը չպետք է խառնվի գրականության գործերին:
 
Իր գրական կյանքի առաջին տասնամյակում Սարոյանը գրել է հարյուրավոր պատմվածքներ, որոնց մի մասը զետեղվել է ավելի քան 10 ժողովածուում («Փոքրիկ երեխաներ», 1937թ., «Ողջույն քեզ, սեր», 1938թ., «Անունս Արամ է», 1940թ., «Սիրելիս», 1944թ., և այլն): Դրանք բնական և ճշմարիտ պատկերների ու կերպարների մի ամբողջ շարք են: Սարոյանն ընթերցողի հետ խոսում է պարզ ու մատչելի լեզվով, իր իսկ բնորոշմամբ՝ «մարդկային սրտի համընդհանուր լեզվով, որը հավերժական է և նույնն է բոլորի համար ողջ աշխարհում»:
 
Սարոյանի հերոսներից շատերը հայեր են, որոնք ներկայացնում են հայկական միջավայրը՝ ազգային սովորույթներով ու բարքերով, հայրենիքի պատմական հիշողությամբ: Հայրենիքի թեման, նրա դարավոր ավանդույթները պահպանող մարդկանց ինքնատիպ կերպարները հակադրվում են ամերիկյան ապրելակերպի համահարթեցնող չափանիշներին: Սարոյանի հերոսները, հատկապես`   մանուկների ու պատանիների տպավորիչ կերպարները համաշխարհային գրականություն են մտել որպես հոգու մաքրության և անկեղծության խորհրդանիշներ: 
 
Սարոյանի վիպակներում և պատմվածքներում մարմնավորված իրականության ու երազանքի հակադրության, անհատի ներքին ազատության ու հոգևոր գեղեցկության, սիրո և բարու հաստատման մոտիվները հետաքրքիր լուծում են ստացել նաև դրամաներում՝ «Իմ սիրտը լեռներում է» (բեմադրվել է 1939թ., հայ բեմում՝ 1961թ., Մոսկվայում՝ 1962թ.), «Կյանքիդ ժամանակը» (բեմադրվել է 1939թ., հայ բեմում՝ 1981թ.), «Հե՛յ, ո՞վ կա այդտեղ» (բեմադրվել է 1942թ., հայկական հեռուստատեսային կինոնկար՝ 1981թ.) ևն:
 
1942թ. Սարոյանը զորակոչվել է բանակ: Երկրորդ աշխարհամարտը (1939-1945թթ.) և պատերազմն առհասարակ նա ընկալել է որպես մարդկության մեծագույն աղետ: Այդ թեման արտացոլվել է «Մարդկային կատակերգություն» (1942թ., համանուն ֆիլմի սցենարի համար 1944թ. արժանացել է «Օսկար» մրցանակի) վիպակում և «Վեսլի Ջեկսոնի արկածները» (1946թ.) վեպում: 1950-1960-ական թթ. գրողն ապրել է Եվրոպայում, ստեղծել է ինքնակենսագրական բնույթի հոգեբանական վիպակների շարք:
 
1960թ. նա վերադարձել է ԱՄՆ, գրել է գլխավորապես հուշագրական ժանրի գործեր՝ նվիրված Բեռնարդ Շոուին, Թոմաս Էլիոթին, Ջոն Ստայնբեկին, Եղիշե Չարենցին և ուրիշներին: Ուշագրավ են նաև նրա մտորումները գրականության, արվեստի դերի ու կոչման, սկզբունքների ու խնդիրների վերաբերյալ: Վիլյամ Սարոյանը երազանքներով ու խոհերով, ողջ էությամբ կապված էր Հայաստանին, հայ ժողովրդին: Առաջին անգամ հայրենիքում եղել է 1935թ., այնուհետև՝ 1960, 1976 և 1978 թթ.:
 
Սարոյանը ՀԽՍՀ «Խաղաղության պահպանման և հայրենիքի հետ կապերի ամրապնդման ուղղությամբ ակտիվ գործունեության համար» մրցանակի առաջին դափնեկիրն է: Մահից առաջ կտակել է`   իր աճյունի մի մասը պետք է թաղվի հայրենի հողում: Սարոյանի գործերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով, հայերեն՝ բոլոր ստեղծագործությունները: Սարոյանի անունով Երևանում կոչել են փողոց, դպրոց և համալսարան, կանգնեցվել է հուշարձանը: 2008թ. գրողի ծննդյան 100-ամյակի առթիվ ՀՀ-ում հայտարարվել էր «Սարոյանական տարի»:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.