Encyclopedia

Մկրտիչ Կորյուն

Գոշի, Այգեկցու և ապա Խ. Աբովյանի, Ղ. Աղայանի, Հ. Թումանյանի արժանի ժառանգորդը՝ Մկրտիչ Կորյունը, հայ գրականության ամենաինքնատիպ դեմքերից մեկն է: Մկրտիչ Կորյունը ծնվել է 1913թ. մայիսի 19-ին:

Եղեռնի տարիներին նրա ընտանիքը գաղթում է Ղարսից և բնակություն հաստատում Գյումրիում։ 1929 թվականին ավարտում է տեղի յոթամյա դպրոցը։ 1932 թվականին հրատարակվում է նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն:

 

Նույն թվականին Կորյունն ընդունվում է Երևանի պետական համալսարանի լեզվագրական բաժինը։ 1937 թվականին ավարտում է համալսարանը և նվիրվում իր սիրած գործին`   մանկավարժությանն ու մանկական գրականությանը։

 

Հայրենական պատերազմի ավարտից հետո Կորյունը նոր եռանդով շարունակում է իր գրական գործունեությունը։ 1947 թվականին ՀԳԱ Մ. Աբեղյանի անվան ինստիտուտում ատենախոսություն է պաշտպանում և ստանում բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
 
Մկրտիչ Կորյունը հայ առակագրության գանձարանը հարստացրեց իր սեփական, ինքնուրույն և մնայուն առակներով, որոնք թարմություն և նորություն բերեցին մեր բազմադարյան առակագրությանը։ Հրատարակված է Կորյունի շուրջ հինգ հարյուր առակ։
 
Այդ գործերը երեխաների մեջ արթնացնում են ազնվություն, աշխատասիրություն, մարդասիրություն։ Բազմաժանր և բեղմնավոր հեղինակ է Կորյունը։ Հետաքրքիր են կարդացվում նաև նրա հեքիաթները, որտեղ պարզ արտահայտվում է մեր ազգային կոլորիտը։
 
1948 թվականին հրատարակվել է Կորյունի «Դպրոցական թատրոն» հեքիաթ-պիեսների ժողովածուն, ուր տառերը հանդես են գալիս որպես գործող անձինք, և այդ հերոսները մի դեպքում մեղմ են ու բարի, մի այլ դեպքում կոշտ են, առնական, սակայն բոլոր դեպքերում ճակատագիր են, հայրենիք ու հայրենասիրություն։
 
Կորյունի ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի շատ լեզուներով, իսկ ինքն էլ թարգմանել է Ալիշեր Նավոյի, Խետագուրովի, Մարշակի, Լերմոնտովի, Չուկովսկու, Մայակովսկու, Նեկրասովի շատ գործեր:
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.