Encyclopedia

Բորիս Պաստեռնակ

Անվանի գրող, թարգմանիչ Բորիս Պաստեռնակը ծնվել է 1890թ.-ի փետրվարի 10-ին (հունվարի 29): Վաղ տարիքից հետաքրքրվել է նկարչությամբ և երաժշտությամբ: 1909թ. հրաժարվել է այդ նախասիրություններից և ընդունվել Մոսկվայի պետական համալսարանի պատմափիլիսոփայության ֆակուլտետը:

1912թ. սովորել է Մարբուրգի (Գերմանիա) համալսարանում. ուսումնասիրել է նորկանտականության մարբուրգյան դպրոցի փիլիսոփաների աշխատանքները: 1913թ. Մոսկվայի համալսարանում հանձնել է ավարտական քննությունները:

 

1914թ. հրատարակել է «Երկվորյակն ամպերում», ապա՝ «Պատնեշների վրայով» (1916թ.), «Քույր իմ՝ կյանք» (1922թ.), «Թեմա և վարիացիաներ» (1923թ.) բանաստեղծությունների ժողովածուները: Այդ տարիներին նա հարել է ֆուտուրիստներին (ապագայապաշտներ), Վլադիմիր Մայակովսկու «ԼԵՖ» գրական խմբակին՝ ամբողջովին համամիտ չլինելով նրանց հայացքներին: 
 
Պաստեռնակը դեմ էր անցյալի գրական արժեքների մերժմանը: Նրա «Ինը հարյուր հինգ թվական» (1925–26թթ.), «Լեյտենանտ Շմիդտ» (1926–27թթ.) պոեմները նվիրված են Ռուսական առաջին հեղափոխությանը (1905–07թթ.): Հետագա տարիներին լույս է ընծայել «Երկրորդ ծնունդ» (1932թ.), «Վաղորդյան գնացքներում» (1943թ.), «Երկրային ընդարձակ տարածություններ» (1945թ.) բանաստեղծությունների ժողովածուները:
 
«Օդային ուղիներ» (1924թ.) պատմվածքում, «Պահպանագիր» (1931թ.) ինքնակենսագրական վիպակում և «Սպեկտորսկի» (1931թ.) չափածո վեպում Պաստեռնակը պատկերել է անհատի ճակատագիրը՝ պատերազմի և հեղափոխության ժամանակաշրջանում, շարադրել արվեստի վերաբերյալ իր հայացքները:
 
Չնայած նա համոզված էր հեղափոխության արդարացի լինելու մեջ, սակայն մերժել է հեղափոխական բռնությունը որպես նպատակին հասնելու միջոց: 1936թ.-ից խորհրդային իշխանությունները նրան մեղադրել են «կյանքից կտրվածության», «ժամանակաշրջանին անհամապատասխան աշխարհայեցողության» համար:
 
Հայրենական պատերազմից հետո գրել է «Դոկտոր Ժիվագո» վեպը, որի գլխավոր հերոս բժիշկ Ժիվագոն խոր հիասթափություն է ապրում հեղափոխական գաղափարներից: Պաստեռնակը մերժել է հեղափոխության միջոցով հասարակության սոցիալական վերափոխման հնարավորությունը, մոլեռանդ գաղափարախոսությունը: 
 
Վեպում ներկայացված է ռուս մտավորականության ճակատագիրը XX դարի սկզբից մինչև 1918-20թթ.-ի քաղաքացիական պատերազմը: Գիրքը հրատարակվել է 1957թ. Միլանում: Ռուսաստանում «Դոկտոր Ժիվագոն» առաջին անգամ տպագրվել է 1988թ.:
 
1958թ. Պաստեռնակն արժանացել է Նոբելյան մրցանակի: Նրան բազմիցս քննադատել են խորհրդային մամուլում, հեռացրել ԽՍՀՄ գրողների միությունից: Նա խոր ճգնաժամ է ապրել, հրաժարվել է Նոբելյան մրցանակից  (1989թ. մրցանակը հանձնել են Պաստեռնակի որդուն):
 
1959թ.-ի փետրվարին գրողին մեղադրանք է ներկայացվել «Հայրենիքի դավաճանություն» հոդվածով: 1956-59թթ. գրել և հրատարակել է «Երբ պարզում է» բանաստեղծությունների  ժողովածուն: 
 
Պաստեռնակը թարգմանել է Վիլյամ Շեքսպիրի պիեսներից, Վոլֆգանգ Գյոթեի «Ֆաուստը», Հանս Սաքսի, Պերսի Շելլիի, Ջոն Քիթսի, Պոլ Վեռլենի, Շանդոր Պետեֆիի, Ակակի Ծերեթելու, Գեորգի Լեոնիձեի, Եղիշե Չարենցի, Ավետիք Իսահակյանի բանաստեղծություններից: 
 
Պաստեռնակի գործերից հայերեն են թարգմանել Գևորգ Էմինը, Աբրահամ Ալիքյանը, Վահագն Կարենցը և ուրիշներ: «Դոկտոր Ժիվագո» վեպի հիման վրա նկարահանվել է գեղարվեստական կինոնկար (1965թ., ԱՄՆ, 2002թ., Մեծ Բրիտանիա, 2005թ., Ռուսաստան): 
 
Պաստեռնակի թանգարաններ են գործում Չիստոպոլում, Պերեդելկինոյում, Վսեվոլոդո-Վիլվոյում: Պերմում կանգնեցված է նրա հուշարձանը (2009թ.):
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.