Encyclopedia

Պերճ Պռոշյան

Հայ գրող Պերճ Պռոշյանը (իսկական անուն-ազգանունը՝ Հովհաննես Տեր-Առաքելյան) սովորել է Աշտարակի ծխական և Երևանի արքունական դպրոցներում: 1856թ. ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, ապա 1 տարի ուսանել Թիֆլիսի արքունական գիմնազիայում: 1857թ. վերադարձել է ծննդավայր, նշանակվել ծխական դպրոցի տեսուչ, վարել գավառական գործակալի քարտուղարի պարտականությունը: 1859թ.-ից աշխատել է Ներսիսյան դպրոցում որպես ուսուցիչ:
Պռոշյանը Թիֆլիսում մասնակցել է նաև հայ պրոֆեսիոնալ թատրոնի ստեղծմանը (1863թ. գրել և բեմադրել է «Աղասի» ողբերգությունը, խաղացել Աղասու դերը), Երևանում, Թիֆլիսում, Ագուլիսում, Շուշիում, Աշտարակում և այլ վայրերում`    օրիորդաց և երկսեռ դպրոցների հիմնադրմանը, 1876–81թթ. աշխատակցել է «Փորձ» ամսագրին, որտեղ էլ հատվածաբար տպագրվել են նրա վեպերից մի քանիսը: 
 
Մինչև 1879թ. դասավանդել է Շուշիի, Ագուլիսի, Աստրախանի հայկական դպրոցներում: 1879–81թթ. եղել է Երևանի և Կարսի թեմերի հոգևոր դպրոցների տեսուչ: Այդ շրջանում աշխարհաբարի է վերածել Մատթեոսի Ավետարանը, որի համար Գևորգ Դ կաթողիկոսը նրան շնորհել է աստվածաբանության մագիստրոսի կոչում:
 
Պատանի Պռոշյանի վրա մեծ տպավորություն է թողել Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպը, որն էլ կանխորոշել է ապագա գրողի ստեղծագործական ուղին: Նա ճանաչվել է իր առաջին՝ «Սոս և Վարդիթեր» (1860թ.) վեպով, որտեղ ներկայացրել է հայրենի գյուղի նահապետական կենցաղը, ազգային սովորույթներն ու նիստուկացը, դրանց բախումը փողի ուժի ազդեցությամբ խեղաթյուրված բարքերին: Միքայել Նալբանդյանն իր «Կրիտիկա «Սոս և Վարդիթերի»» (1863–64թթ.) աշխատության մեջ. Պռոշյանին համարել է «արդյան ազգային վիպասանության» հիմնադիրներից:
 
Վիպասանի երկրորդ՝ «Կռվածաղիկ» (1876թ.) վեպում նահապետական գյուղն այլևս ներփակ համայնք չէ, այլ ներքին ու արտաքին հակասություններից տրոհված ցավալի իրողություն: 
 
Պռոշյանի ստեղծագործության բարձրակետը «Հացի խնդիր» (1879թ.) վեպն է, որտեղ գրողը ներկայացնում է 2 անհաշտ ուժերի հակամարտությունը. բախվում են կեցության 2 ձևեր՝ բարոյական 2 նկարագրով: Նրանցից մեկի ներկայացուցիչ Խեչանենց Խեչանը ձգտում է պահպանել նահապետական համայնքի գոյության դարավոր իրավունքը, մյուսը՝ Միկիտան Սաքոն, կապիտալի նախնական կուտակման մոլուցքով տարված, անողոք վայրենությամբ քանդում է նրա հիմքերը: Միկիտան Սաքոն ու նրա նմաններն ապրում են «Ինչ կանես արա, խաբի, քանդի, պլոկի, գռփի, սպանի, թաք մի կտոր հաց ունենաս» սկզբունքով, որովհետև «հացի խնդիր ա»: Պռոշյանը խորությամբ ու անողոքությամբ է բացահայտել վերջիններիս գործելակերպի քստմնելիությունն ու վայրենացող բարոյազրկությունը:
 
«Ցեցեր» (1889թ.), «Բղդե» (1890թ.), «Հունոն» (1901թ.) վեպերում, «Գյուղական խանութպան», «Հինգերորդ գինագիժը», «Բուլի-Բուլի», «Վարդի յուղը մահադեղ» և այլ պատմվածքներում Պռոշյանը շարունակել է գյուղի թեման:
 
Ազգային-հայրենասիրական թեմայով գրած «Շահեն» (1883թ.), «Սկիզբն երկանց» (1892թ.) վեպերում հեղինակը ներկայացրել է XVIII դարի վերջի և XIX դարի սկզբի հայ իրականության ողբեգական պատկերը պարսկական ու թուրքական տիրապետության պայմաններում, փորձել է ընդհանրացնել XIX դարի ազգային-ազատագրական շարժման գլխավոր նպատակը և առաջադրել է որոշակի ծրագիր`   հայ ժողովրդի փրկության ելքը համարելով ինքնակրթությունն ու զինված ինքնապաշտպանությունը:
 
Գրական-պատմական ուշագրավ էջերից են Պռոշյանի հուշագրությունները և հայ թատրոնին, դպրոցին ու մանկավարժությանը վերաբերող հոդվածները:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.