Encyclopedia

Վարդան Այգեկցի

Միջնադարյան հայ աստվածաբան, մատենագիր, առակագիր Վարդան Այգեկցին ապրել է 12-րդ դարի վերջին և 13-րդ դարի սկզբին։ Ծնվել է Հայոց Միջագետքի Տլուք գավառի Մարաթա հայաբնակ գյուղում, կրթություն ստացել է ծննդավայրում, ապա Կիլիկյան Հայաստանի Արքակաղին (Արքակաղանի) վանքում:
Ուսումն ավարտելուց հետո ձեռնադրվել է վարդապետ և զբաղվել քարոզչությամբ: Այնուհետև ապաստանել է Կիլիկյան Հայաստանի Սև լեռների Տոսխ կոչված ձորում կառուցված Այգեկ վանքում, որտեղից էլ ստացել է Այգեկցի անունը:
 
Այնտեղ նա գրել է 22 ճառ, խրատական 5 թուղթ և այլ գրություններ: Իր խրատներով ու քարոզներով Վարդան Այգեկցին պայքարում էր դրամասիրության, գողության, ամբարատավանության, ոխակալության, որկրամոլության, հարբեցողության, մարդկային այլ արատների դեմ, քարոզում սեր և համերաշխություն:
 
Ասելիքն ավելի հասկանալի դարձնելու համար նա իր քարոզները համեմում էր իր իսկ հորինած և արդեն հայտնի առակներով ու զրույցներով: Նա գրել է ավելի քան 30 առակ: Այգեկցու առակներից շատերը հիմք են դարձել հետագա հայ գրողների ստեղծագործությունների համար։
 
Այգեկցու հետնորդները մինչև անգամ 17-րդ դարը նրա առակների մատյանը հարստացրել են՝ ավելացնելով նորանոր առակներ, նորավեպեր: Այդպես հայտնվեց «Վարդանյան Առականին», որը պարունակում էր շուրջ 500 առակ:
 
Ձեռագիր մատյանների մի մասը պահպանվել և հասել է մինչև մեզ «Աղվեսագիրք» ընդհանուր անվան տակ, որովհետև շատ առակների գործող անձն աղվեսն է: Այն հրատարակվել է 1668 թականին Ամստերդամում: «Աղվեսագիրքը» թարգմանվել է վրացերեն, արաբերեն, ռուսերեն:
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.