Encyclopedia

Ֆեդերիկո Գարսիա Լորկա

Իսպանացի նշանավոր բանաստեղծ և դրամատուրգ Ֆեդերիկո Գարսիա Լորկան ծնվել է 1898թ.-ի հունիսի 5-ին: Սովորել է Գրանադայի համալսարանում: 1919թ. տեղափոխվել է Մադրիդ և զբաղվել գրական գործունեությամբ:
«Բանաստեղծությունների գիրք» (1921թ.), «Երգեր» (1927թ.) առաջին ժողովածուներում և «Թիթեռնիկի կախարդությունը» կամ «Թիթեռնիկի չար հմայքները» (1919թ., բեմադրվել է 1920թ.) պիեսում իր բողոքն է արտահայտել քաղքենի ու նյութապաշտ հասարակության դեմ:
 
Նրան մեծ ժողովրդականություն են բերել Անդալուզիայի հասարակ մարդկանց տառապանքներն ու ցավերը պատկերող «Գնչուական ռոմանսերո» (1928թ.), «Կանտե խոնդո» (1931թ.) բանաստեղծությունների ժողովածուները, մահապատժի ենթարկված Գրանադայի հերոսուհուն նվիրված «Մարիանա Պինեդա» (1925թ.) ողբերգությունը:
 
1929-1930թթ. Լորկան շրջագայել է ԱՄՆ-ում և Կուբայում, իր տպավորություններն արտացոլել է «Բանաստեղծը Նյու Յորքում» (1929-1930թթ.) ժողովածուում: 1930-ական թվականներին լույս է ընծայել «Իգնասիո Սանչես Մեխիասի սուգը» (1935թ.) պոեմը, «Դիվան դել Տամարիտ» (1936թ.) բանաստեղծությունների ժողովածուն, գրել «Հրաշալի մաշակարուհին» (1930թ.) և այլ պիեսներ: 
 
Լորկան դատապարտել է փողի ապականիչ ազդեցությունը թատրոնի վրա և ձգտել է ստեղծել սոցիալական ուղղվածության թատրոն: Ըստ նրա՝ նյութապաշտ հասարակությունը խեղաթյուրում է մարդու էությունը և բնության օրենքները:
 
Համաձայն Լորկայի մարդասիրական ըմբռնումների՝ անհատը պարտավոր է հետևել  բանական և բնական օրենքներին: 1933-1936թթ. Լորկան գրել է «Արյունոտ հարսանիք», «Հերման», «Դոնյա Ռոսիտա», «Բեռնարդա Ալբայի տունը» պիեսները, որոնք գաղափարագեղարվեստական տեսանկյունից նորարարական էին:
 
Այդ պիեսներում պատկերված հասարակ մարդիկ էությամբ ձուլված են բնությանը: Լորկային գնդակահարել են ֆրանկոյական ազգայնամոլները 1936թ.-ի օգոստոսի 19-ին: Ի դեպ, «Արյունոտ հարսանիք» և «Բեռնարդա Ալբայի տունը» պիեսները բեմադրվել են նաև հայ թատրոնում:
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.