Encyclopedia

Արշակ Ալպոյաճյան

Հայ բանասեր, պատմաբան Արշակ Ալպոյաճյանը (1879թ., հունիսի 17, Կ. Պոլիս – 1962թ., հունիսի 24, Կահիրե) ծնվել է Կ.Պոլսում։ Նախնական կրթությունն ստացել է Պերպերյան վարժարանում, ապա ուսումը շարունակել Կենտրոնական վարժարանում, որն ավարտել է 1899 թվականին։
1901թ.-ին «Բազմավեպում» տպագրել է վիպասանուհի Սրբուհի Տյուսաբի մասին մի հետազոտություն, որը լույս է ընծայել նաև առանձին գրքույկով։ Այդ տարիներից աշխատակցել է «Մասիս», «Ծաղիկ», «Բյուզանդիոն» պարբերականներին, գերազանցապես պատմաբանասիրական հոդվածներով։
 
1910թ.-ին լույս է ընծայել ընդարձակ ուսումնասիրություն`   նվիրված Ազգային սահմանադրության 50-ամյակին։ Առաջին համաշխարհային պատերազմի շրջանում և նրան հաջորդող տարիներին մինչև 1922թ.-ը պաշտոնավարել է Եսայան վարժարանում որպես պատմության ուսուցիչ։
 
1922թ.-ին մեկնել է Հունաստան, աշխատել Քորֆուի ամերիկյան որբանոցում, միաժամանակ աշխատակցել է Կ.Պոլսի «Վերջին լուր» թերթին որպես նրա շրջիկ թղթակիցը։ 1923թ.-ին մեկնել է Եգիպտոս, պաշտոնավարել Կահիրեի Գալուստյան վարժարանում որպես ուսուցիչ։
 
Հրատարակել է ծավալուն մենագրություններ, որոնցից հիշատակության արժանի են հետևյալները՝ «Սրբուհի Տյուսաբ» (Վենետիկ, 1901թ.), «Գրիգոր Զոհրապ. կյանքը և իր գործը», (Կ. Պոլիս, 1919թ.), «Մինաս Չերազ» (Կահիրե, 1927թ.), «Պատմություն հայ Կեսարիո» (Ա-Բ հատորներ, Կահիրե, 1937թ.) և այլն։
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.