Encyclopedia

Վալտեր Սկոտ

Վալտեր Սկոտը ծնվել է 1771թ.-ի օգոստոսի 15-ին Էդինբուրգում: 1792թ. ավարտել է Էդինբուրգի համալսարանը, ստացել փաստաբանի կոչում: 1799թ.-ից Սելկերկ կոմսության շերիֆն էր (դատական և վարչական պաշտոնյա), 1806թ.-ից՝ դատարանի քարտուղարը:
Սկոտի առաջին ինքնատիպ գործը «Սուրբ Հովհաննու իրիկունը» (1800թ.) ռոմանտիկական բալլադն է: 1800թ.-ից հավաքել է շոտլանդական ժողովրդական բալլադները և հրատարակել «Շոտլանդական սահմանի երգերը» (3 հատոր, 1802–1803թթ.) ժողովածուն, որով նա հայտնի է դարձել: 1805–1817թթ. գրած քնարաէպիկական պոեմները («Վերջին մենեստրելի երգը», 1805թ., «Մարմիոն», 1808թ., «Լճի լեդին», 1810թ., «Ռոուքբի», 1813թ.) նորություն էին և´ անգլիական, և´ շոտլանդական գրականության մեջ ու մեծ համբավ են բերել հեղինակին:
 
Սկոտը համաշխարհային ճանաչման է արժանացել իր պատմավեպերով: Ստեղծելով պատմավեպի ժանրը՝ մշակել է նրա կանոններն ու լավագույնս կիրառել իր պատմավեպերում: Առաջին՝ «Ուևերլի» (1814թ.) պատմավեպը հրատարակվել է անստորագիր (հետագա վեպերը, մինչև 1827թ., լույս են տեսել որպես «Ուևերլիի» հեղինակի երկեր): Նրա պատմավեպերի հիմքում սոցիալ-պատմական խոշոր բախումներին առնչվող իրադարձություններն են: 
 
1819թ.-ից գրողի աշխարհայացքն էական փոփոխություններ է կրել. նա այլևս նախկին սրությամբ չի դիտարկել ժողովրդական պայքարի հարցերը: Սակայն նկատելիորեն ընդլայնել է պատմավեպերի թեմատիկան. նրան հետաքրքրել է XII դարի Անգլիայի, Լյուդովիկոս XI-ի իշխանության ժամանակաշրջանի Ֆրանսիայի, խաչակիրների արշավանքների պատմությունը («Այվենհո», 1820թ., «Քենիլվորդ», 1821թ., «Քվենտին Դորվարդ», 1823թ., «Թալիսման», 1825թ., «Վուդսթոք», 1826թ., «Պերտի գեղեցկուհին», 1828 թ., «Կոմս Ռոբերտ Փարիզեցին», 1832 թ.): Վեպերում, պահպանելով ռեալիստական ուղղությունը, երբեմն տուրք է տվել ռոմանտիզմին, նրան հաջողվել է ստեղծել պատմական ժամանակաշրջանի մթնոլորտն ու կոլորիտը: 
 
«Վիպագիրների կենսագրությունը» (1821–1824 թթ.) գրականագիտական աշխատության մեջ անդրադարձել է XVIII դարի անգլիացի գրողներին, հատկապես Հենրի Ֆիլդինգին՝ նրան անվանելով «անգլիական վեպի հայր»:
 
Սկոտն առաջինն է անգլիական գրականության մեջ արտացոլել ազգային բնավորության առանձնահատկությունները: Նրա մի շարք ստեղծագործություններ համաշխարհային գրականության լավագույն էջերից են: Սկոտը մեծ ազդեցություն է թողել եվրոպական և ամերիկյան գրականությունների վրա: Սկոտի ստեղծագործություններից հայերեն թարգմանել են Մատթեոս Մամուրյանը, Հովսեփ Միրզայանը և ուրիշներ:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.