Encyclopedia

Ժիրայր Անանյան

Հայ դրամատուրգ Ժիրայր Հրայրի Անանյանը (Տեր-Անանյան) ծնվել է ՀԽՍՀ Շամշադինի շրջանի Բերդ ավանում (այժմ`   քաղաք) 1934թ. հուլիսի 14-ին։ 1952թ. ավարտել է Երևանի Մ. Նալբանդյանի անվան միջնակարգ դպրոցը, 1958թ.`   Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետը։ 1959-1980թթ. աշխատել է ՀԽՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում սկզբում որպես խմբագիր, ավագ խմբագիր, ապա գրականության և արվեստի բաժնի վարիչ։ Նրա առաջին պիեսը`   «Դիպլոմի համար», բեմադրվել է 1956թ.-ին Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի ուսանողական բեմում։
Ժ. Անանյանի «Տաքսի, տաքսի» («Սերը ճամպրուկի մեջ») կատակերգությունը բեմադրվել է Արտաշատի Ա. Խարազյանի անվան (1973թ.), Ստեփանակերտի Մ. Գորկու անվան, Թբիլիսիի Ս.Շահումյանի անվան (1974թ.), Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի (1978թ.), Ղափանի Ալ. Շիրվանզադեի անվան (1983թ.) պետական թատրոններում։
 
Նույն դրաման տեղ է գտել «Տեատր» հանդեսի 1973թ.-ի Խորհրդային Միության պետական թատրոնների բեմերում մեկ խաղաշրջանում 100 անգամից ավելի ներկայացված պիեսների ցանկում։ 1978թ.-ից Երևանի Հ. Պարոնյանի անվան թատրոնն անընդմեջ ներկայացրել է նրա կատակերգությունները։
 
1979թ. Արտաշատի Ա. Խարազյանի անվան թատրոնը բեմադրել է նրա «Անծանոթ ամուսիններ» կատակերգությունը։ Ժիրայր Անանյանի «Իմ տունը քո տունը չէ» («Հեռախոսային զանգ», «Բնակարանամուտ») պիեսը բեմադրել է Լենինականի Ա. Մռավյանի անվան, Արտաշատի Ա. Խարազյանի անվան, Երևանի Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական (1983թ.) պետական թատրոններում։
 
Երևանի Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի 1989-1990թթ.-ի խաղացանկում միաժամանակ ներկայացվել են նրա երեք պիեսները՝ «Իմ տունը քո տունը չէ», «Իրարանցում», «Կարուսել»։ «Կարուսել» և «Տաքսի, տաքսի» կատակերգությունները 1989թ.-ին հյուրախաղերի ժամանակ ներկայացվել են ԱՄՆ-ում։
 
Հ. Պարոնյանի անվան թատրոնը երկրորդ անգամ «Տաքսի, տաքսին» ԱՄՆ-ում ներկայացրել է 1994թ.-ին, «Ես եմ, եկել եմ» («Կարուսել») կատակերգությունը՝ 2001թ.-ին Իրանում։ Երևանի Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում 1992թ.-ին տեղի է ունեցել դրամատուրգի «Իմ տունը քո տունը չէ» պիեսի 500-րդ ներկայացումը:
 
«Տաքսի, տաքսի» կատակերգության 500-րդ ներկայացումը 1993թ.-ին կայացել է Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, 600-րդը՝ 1997թ.։
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.