Encyclopedia

Գուրգեն Մահարի

Հայ բանաստեղծ, արձակագիր, գրականագետ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գուրգեն Մահարու (1903թ. օգոստոսի 1 -1969թ. հունիսի 17) իսկական անունը Գուրգեն Աճեմյան է: Ծնվել է Վան քաղաքում 1903թ. և մինչև Առաջին համաշխարհային պատերազմն ու Հայոց ցեղասպանությունն ապրել է շատ թե քիչ անհոգ մանկություն:
Պատերազմը, սակայն, փոխեց ինչպես ամբողջ արևմտահայության, այնպես էլ վանեցիների ճակատագիրը: Երբ թուրքերը հարձակվեցին Վանի վրա, վանեցիները քաջաբար պաշտպանվեցին մինչև ռուսական զորքերի և հայ կամավորների Վան հասնելը և փրկվեցին կոտորածից:
 
Երբ ռուսական զորքերը նահանջեցին, նրանց հետ ստիպված Վանից հեռացան նաև վանեցիները: Գուրգենը ճանապարհին կորցրեց իր հարազատներին և ուրիշ փախստականների հետ հասավ Արևելյան Հայաստան: Այստեղ նա ապրեց որբանոցներում, հետո գտավ կենդանի մնացած մորը և մյուս հարազատներին:
 
Տատիկը մահացավ գաղթի ճանապարհին: Տարիներ անց Մահարին սիրով ու հումորով պիտի պատմեր նրա մասին իր «Մանկություն» վիպակում: Որբանոցում ծանոթացավ Եղիշե Չարենցի հետ: Այստեղ էլ սկսեց գրել առաջին բանաստեղծությունները:
 
Որբանոցային կյանքի և հետագա թափառումների մասին Մահարին պատմում է «Պատանեկություն» վիպակում: Դրանք շատ դժվար տարիներ էին ինչպես Գուրգենի և նրա նման հազարավոր հայ երեխաների, այնպես էլ ամբողջ հայ ժողովրդի համար:
 
Արևմտահայության մի մասը սպանվել էր թուրքերի ձեռքով, մյուս մասը գաղթել էր զանազան երկրներ: Շատերն ապաստան էին գտել Արևելյան Հայաստանում, որը պատերազմում էր Թուրքիայի հետ: Աղքատություն, սով, համաճարակներ, սրանք այն տարիներին տարածված էին Հայաստանում: Այդ բոլորը Մահարին նկարագրում է «Պատանեկության» մեջ:
 
Դժվարին տարիներին հաջորդեցին խաղաղության տարիներ: Մահարին դարձավ գրական կյանքի եռանդուն մասնակիցներից մեկը: Գրում էր բանաստեղծություններ, պատմվածքներ, վիպակներ: Նրան հռչակ բերեցին հատկապես «Մանկություն» և «Պատանեկություն» վիպակները, «Մրգահաս» բանաստեղծությունների ժողովածուն: 
 
Գրողի կյանքի և ստեղծագործության բնականոն ընթացքը, սակայն, ընդհատվեց աքսորով: 1936թ.-ին շատ գրողների, մտավորականների հետ նրան էլ անհեթեթ մեղադրանքով ձերբակալեցին և աքսորեցին: Մահարուն ազատեցին Ստալինի մահից հետո`   1953թ.-ին:
 
Մահարին վերադարձավ Երևան, գրեց բազմաթիվ նոր գործեր`   «Ծաղկած փշալարեր», «Այրվող այգեստաններ» ստեղծագործությունները, ինչպես նաև պատմվածքներ, բանաստեղծություններ, հուշեր և այլն: Գուրգեն Մահարին մահացել է 1969 թվականին:
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.