Encyclopedia

Շահան Շահնուր

Հայ մեծանուն գրող Շահան Շահնուրը ծնվել է 1903թ.-ի օգոստոսի 3-ին Կ. Պոլսում: Նախնական կրթությունն ստացել է Սկյուտարի Սեմերճյան դպրոցում, ապա Պերպերյան վարժարանում։
1921թ.-ին ավարտում է վարժարանը բարձր առաջադիմությամբ: Սովորելու տարիներին հիմնավոր կարդում է հայ ու օտար (հատկապես ֆրանսիական) գրականություն:
 
Շահնուրն օժտված էր նկարելու և գծելու ակնհայտ ձիրքով և վարժարանն ավարտելուց հետո զբաղվում է լուսանկարչությամբ: 1922թ.-ին հաստատվում է Փարիզում: Այստեղ էլ զբաղվում է լուսանկարչությամբ և սկսում առաջին գրական փորձերը:
 
1929թ.-ին լույս է ընծայում իր առաջին վեպը՝ «Նահանջ առանց երգի»: Այս գործը, որում դեպքերն ու հարաբերություններն ունեն հիմնավորված հասարակական հիմք, այսօր էլ արդիական է: 1928-1932թթ. սովորում է Փարիզի համալսարանի գրականության բաժնում:
 
Ծանր հիվանդության պատճառով հեռանում է Փարիզից և հաստատվում Ֆրանսիայի հարավում: 1933թ.-ին Շ. Շահնուրը հրատարակում է «Հարալեզներուն դավաճանությունը» պատմվածքների ժողովածուն: Որոշ ժամանակ նա ստեղծագործում է ֆրանսերեն Արմեն Լյուբեն ստորագրությամբ:
 
1956թ.-ից հայերենով տպագրում է հրապարակախոսական, գրաքննադատական հոդվածներ ու մանրապատումներ: 1939թ.-ին նա «Լա նուվել ռեվյու ֆրանսեզ»-ում ընթերցողին է ներկայացնում «Գիշերային փոխադրություն» հուշագրությունը:
 
Ֆրանսերեն հրատարակվում են «Պրպտումներ անտեղի» (1942թ.), «Գաղտագողի անցորդ» (1946թ.), «Սուրբ համբերություն» (1951թ.), «Բարձրավանդակ» (1957թ.) ժողովածուները:
 
50-ական թթ. վերջերից հայերեն լույս են տեսնում «Թերթիկս կիրակնօրյա թիվը» (1958թ.) պատմվածքների ժողովածուն, «Զույգ մը կարմիր տետրակներ» (1967թ.), «Կրակը կողքիս» (1973թ.) գրքերը, որոնցում ամփոփված են Շահան Շահնուրի հին ու նոր հոդվածները, հրապարակախոսությունները: 
 
1963 թվականին նշվում է Շահնուրի 60-ամյակը: Առողջական վիճակի վատթարացման պատճառով 1974 թվականի օգոստոսի 20-ին Փարիզում ավարտվում է Շահան Շահնուրի տառապալից և միաժամանակ արգասավոր կյանքը:
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.