Encyclopedia

Օլիմպիական խաղեր

Օլիմպիական խաղեր (Օլիմպիադա), խոշորագույն միջազգային սպորտային մրցաշար, որ անց է կացվում յուրաքանչյուր չորս տարին մեկ:

Օլիմպիական խաղերը հնագույն և առավել տարածված համահունական տոնախմբությունների և մրցությունների ընդհանուր անվանումն է, որոնք կազմակերպվում էին Հին Հունաստանի Օլիմպիա քաղաքում՝ 4 տարին մեկ`   ի պատիվ Զևս աստծու :

Օլիմպիական խաղերի պաշտոնական սկիզբը համարվում է մ. թ. ա. 776 թ., երբ խաղերն սկսեցին համարակալել և գրանցել հաղթողների անունները:

Այդ խաղերի ժամանակ հայտարարվում էր բոլոր հույների համար պարտադիր «սրբազան հաշտություն», որի ընթացքում Հունաստանում դադարեցվում էին պատերազմական գործողությունները, և Օլիմպիա տանող ճանապարհները դառնում էին անվտանգ: Մինչև մ.թ.ա. 472 թ. խաղերն ավարտվել են 1 օրում: Սկսած մ.թ.ա. 468 թ-ի  78-րդ Օլիմպիական խաղերից`   դրանք տևել են 5 օր: Կանանց մասնակցությունը կամ ներկայությունը Օլիմպիական խաղերին արգելվել է: 
 
Սկզբում  մասնակիցները մրցել են միայն վազք մրցաձևում, բայց ժամանակի ընթացքում այդ խաղերում ընդգրկվել են նաև ձիակառքի մրցումները, հնգամարտը (վազք, սկավառակի և նիզակի նետում, հեռացատկ, ըմբշամարտ), բռնցքամարտը և այլ մարզաձևեր: Խաղերի հաղթողներն արժանացել են ձիթենու ճյուղերից հյուսված պսակի, ստացել տնտեսական և քաղաքական արտոնություններ: 
Օլիմպիական տոնակատարությունների ժամանակ կազմակերպվել են նաև արվեստների մրցույթներ, բանաստեղծներն արտասանել են այդ խաղերին ձոնած իրենց բանաստեղծություններն ու օրհներգերը, ճարտասանները փառաբանել են հաղթողներին:
 
281 թ-ին կայացած 265-րդ օլիմպիական խաղերում ըմբշամարտիկների մրցումներում հաղթանակ է տարել Հայոց Տրդատ III Արշակունի թագավորը:
Օլիմպիական թանգարանում  (Օլիմպիա քաղաքում) պահպանվել է հնագույն ժամանակների Օլիմպիական խաղերի հաղթողների մարմարե անվանատախտակը, որտեղ նշված է, որ Հայոց Վարազդատ Արշակունի թագավորը 394 թ-ին տեղի ունեցած վերջին Օլիմպիական խաղերում կռփամարտի (բռնցքամարտ) մրցումների հաղթողն է: Արդեն մեր ժամանակներում՝ 1998թ-ին Օլիմպիայում, որտեղ կայացել են հին հունական Օլիմպիական խաղերը, կանգնեցվել է նրա մարմարե կիսանդրին:
 
Հնագույն ժամանակների Օլիմպիական խաղերը, որպես հեթանոսական ծես, դադարեցվել են հռոմեական կայսր Թեոդորոս I-ի հրովարտակով՝ 394 թ-ին քրիստոնեության ընդունումից հետո:
Օլիմպիական խաղերի 2-րդ ծնունդը տեղի է ունեցել 1896 թ-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքում կայացած մարզական խոշորագույն միջազգային մրցումներով՝ ֆրանսիացի հասարակական գործիչ Պիեռ դե Կուբերտենի նախաձեռնությամբ: Այդ ժամանակից ի վեր, 4 տարին մեկ, ամեն անգամ մեկ այլ երկրում, անցկացվում են Օլիմպիական խաղեր, որոնց ծրագրում ընդգրկված են առավել տարածված մարզաձևերը: 1924 թ-ից սկսած՝ 4 տարին մեկ կազմակերպվում են նաև Ձմեռային օլիմպիական խաղեր՝ սպիտակ օլիմպիադաներ:
 
Յուրաքանչուր Օլիմպիական խաղերի բացումից մի քանի շաբաթ առաջ հունական Օլիմպիա քաղաքում մեկնարկում է վառվող ջահի փոխանցավազքը (էստաֆետ): Այդ ջահը օդանավերով ու գնացքներով, ավտոմեքենաներով, մոտոցիկլներով ու հեծանիվներով իր երկարատև ճամփորդությունն է սկսում դեպի օլիմպիական մարզադաշտ: Ճանապարհորդության վերջում ջահը վազքով միմյանց են փոխանցում տարբեր աշխարհամասերի ու երկրների մարզիկներ, և դեպի մարզադաշտում տեղադրված վիթխարի աշտանակը տանող աստիճաններով բարձրանալով՝  նշանավոր մարզիկներից մեկը վառում է օլիմպիական կրակը, որը շարունակում է բոցկլտալ մինչև խաղերի ավարտը:
 
2008 թ-ի օգոստոսին Չինաստանի մայրաքաղաք Պեկինում տեղի ունեցան XXIX օլիմպիական խաղերը, որոնց մասնակցում էր նաև Հայաստանի օլիմպիական հավաքականը: Հայ մարզիկները նվաճեցին 6 բրոնզե մեդալներ:
Նոր ժամանակներում հայ մարզիկներից օլիմպիական չեմպիոններ են դարձել մարմնամարզիկներ Հ. Շահինյանը (1952 թ.), Ա. Ազարյանը (1956 թ.), Է. Ազարյանը (1980 թ.), բռնցքամարտիկ Վ. Ենգիբարյանը (1956 թ.), ծանրամարտիկներ Յու. Վարդանյանը (1980 թ.), Օ. Միրզոյանը (1980 թ.), Ի. Միլիտոսյանը (1992 թ.), ըմբիշներ Լ. Ջուլֆալակյանը (1988 թ.), Մ. Իսկանդարյանը (1992 թ.), հրաձիգ Հ. Պետիկյանը (1992 թ.), ըմբիշ Ա. Նազարյանը (1996թ.):
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.