Encyclopedia

Բիլյարդ

Հայտնի են բազմաթիվ խաղեր ու մարզաձևեր, որոնցով զբաղվում են սենյակում կամ խաղասրահում: Դրանք ողջ աշխարհում տարածված ժամանցային խաղեր են, որոնցից է նաև բիլյարդը:

 

Գոյություն ունեն բիլյարդի բազմաթիվ տեսակներ՝ ֆրանսիական կարամբոլ, ամերիկյան փուլ, ռուսական բիլյարդ, սնուկեր: Բիլյարդ խաղում են մահուդով պատված, հարթ մակերեսով մեծ սեղանի վրա: Խաղի նպատակն է հատուկ ձողափայտով՝ կիով, հարվածելով գնդերից մեկին՝ նրա հարվածով մյուս բոլոր գնդերը հերթով գլորել-գցել սեղանի 6 ցանցակալ անցքերի (լուզ) մեջ:
 
Ֆրանսիական կարամբոլը խաղում են 2 սպիտակ և 1 կարմիր գնդերով: Խաղացողները ջանում են կարամբոլ անել, այսինքն՝ այնպես հարվածել գնդին, որ այն դիպչելով 2-րդ գնդին հետ թռչի դրանից և անդրադարձ թռիչքով հարվածի 3-րդին: Յուրաքանչյուր կարամբոլ հաշվվում է 1 միավոր: Հաղթում է առաջինը պայմանավորված միավորներ հավաքող կամ որոշակի ժամանակամիջոցում ամենաշատ միավորներ շահող խաղացողը:
 
Սնուկեր խաղում են 22 գնդերով. 1 հիմնական, 15 կարմիր և 6 բազմագույն գնդերով: Խաղացողը պարտավոր է նախ անցքի մեջ գցել 1 կարմիր գունդ (1 միավոր), այնուհետև բազմագույններից մեկը՝ հավաքելով 2-ից (դեղին գունդ) մինչև 7 (սև գունդ) միավոր:
Գցված գունավոր գունդը նորից դրվում է բիլյարդի սեղանին, իսկ խաղացողն աշխատում է անցքի մեջ գցել ևս 1 կարմիր գունդ: Եթե նա միավորներ չի հավաքում կամ վրիպում է հարվածը, ապա սկսում է խաղալ մրցակիցը: Երբ բոլոր կարմիր գնդերը գցված են անցքի մեջ, հերթը գալիս է բազմագույն գնդերին, որոնք խաղարկվում են խիստ հերթականությամբ՝ դեղին (2 միավոր), կանաչ (3), շագանակագույն (4), կապույտ (5), վարդագույն (6), սև (7): Հաղթում է ամենաշատ միավոր հավաքած խաղացողը:
 
Ներկայումս անցկացվում են բիլյարդի բազմաթիվ տեսակների պրոֆեսիոնալ մրցախաղեր, աշխարհի առաջնություններ:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.