Encyclopedia

Շաշկի

 

Շաշկի խաղի մասին առաջին հիշատակությունները մեզ հասել են հին եգիպտական աղբյուրներից և ունեն գրեթե հինգհազարամյա պատմություն: Խաղում են երկուսով՝ երկգույն վանդակներով քառակուսի խաղատախտակի վրա, սև ու սպիտակ խաղաքարերով: Նպատակն է ոչնչացնել մրցակցի խաղաքարերը կամ խաղատախտակի վրա ստեղծել այնպիսի դրություն, որ դրանք զրկվեն քայլ կատարելու հնարավորությունից:
 
Այժմ կան շաշկու ռուսական, անգլիական, ամերիկյան, իտալական, կանադական և այլ տեսակներ: 
Դրանք իրարից տարբերվում են դաշտերի (վանդակների) և խաղաքարերի թվով: Ռուսական շաշկին տարածված է նաև մեր հանրապետությունում: Այն խաղում են 64 սև ու սպիտակ դաշտերի բաժանված խաղատախտակի վրա`   12-ական սև ու սպիտակ խաղաքարերով, որոնք շարվում են առաջին երեք հորիզոնական շարքերի բոլոր սև դաշտերի վրա:
 
Քայլ է անվանվում խաղաքարի տեղաշարժը դեպի հարևան ազատ դաշտը (հանդարտ քայլ): Կան նաև հարվածող քայլեր, երբ քայլ կատարելու իրավունք ստացած խաղացողը «ուտում» է, այսինքն`   խաղատախտակից հանում է հակառակորդի`   սեփական խաղաքարի ճանապարհին հարվածի տակ հանդիպող մեկ և ավելի խաղաքարեր: Սրանք  խաղատախտակից հեռացվում են քայլի ավարտից հետո միայն: Չի կարելի նույն խաղաքարի վրայով անցնել երկու անգամ:
 
Լինում են հասարակ խաղաքարեր և «տամաներ». «տամա» է դառնում վերջին հորիզոնականին հասած հասարակ խաղաքարը, որը կարող է անկյունագծով ազատ շարժվել ցանկացած դաշտով:
 
1725 թ-ին սահմանվել են 100-վանդականոց խաղատախտակով`   20-ական խաղաքարով միջազգային շաշկու խաղի կանոնները: 
1947 թ-ին հիմնադրվել է Շաշկու համաշխարհային ֆեդերացիան, որը միավորում է շուրջ 50 երկիր և զբաղվում է այդ խաղի զարգացման հարցերով: Ներկայումս անցկացվում են 100 - վանդականոց շաշկու միջազգային մրցաշարեր, աշխարհի չեմպիոնատներ: ՀՀ-ում նույնպես տեղի են ունենում 100 - վանդականոց շաշկու մրցումներ:
 
1994 թ-ին շաշկու միջազգային օլիմպիադայում հաղթող է ճանաչվել Ն. Վարդանյանը:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.