Health Corner

Արևահարություն

Արևահարությունը հիվանդագին վիճակ է, որն առաջանում է գլխի վրա արևի ճառագայթների անմիջական, երկարատև ազդեցության հետևանքով:

Մանկահասակ և ծծկեր երեխաներն ավելի խոցելի են արևահարության նկատմամբ, քանի որ նրանց գաղտունը դեռևս բաց է, գանգի ոսկրերը բարակ են, մաշկը և մազերը՝ ավելի նուրբ։ Ճաղատ, բարակ և նոսր մազերով մարդիկ նույնպես խոցելի են արևահարության նկատմամբ։ Արևահարության նշաններն ի հայտ են գալիս արևի ճառագայթների ներգործությունից անմիջապես հետո կամ մի քանի ժամ անց, հաճախ՝ գիշերը:

 ՆՇԱՆՆԵՐԸ
  • մարմնի ջերմաստիճանի բարձրացում (39°C և ավելի),
  • դեմքի և պարանոցի մաշկի կարմրություն և չորություն,
  • գլխացավ, գլխապտույտ,
  • թուլություն,
  • անհանգստություն, գրգռվածություն,
  • աղմուկ ականջներում,
  • արյունահոսություն քթից,
  • սրտխառնոց, փսխում,
  • գիտակցության խանգարումներ:
ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ
  • Տեղափոխեք տուժածին հով, ստվերոտ վայր,
  • Օգնեք տուժածին ընդունել հարմար դիրք,
  • Տուժածի գլխին դրեք սառը թրջոցներ, ծածկեք նրան խոնավ սավանով,
  • Արձակեք ճնշող կապերը և թեթևացրեք հագուստը,
  • Եթե տուժածը գիտակից է, տվեք սառը, քաղցր հեղուկներ։ Անհրաժեշտության դեպքում ահազանգեք շտապ օգնություն,
  • Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն:
Ինչպե՞ս է մարմինն արձագանքում միջավայրի ցածր ջերմաստիճանին
  • Մաշկի արյունատար անոթները նեղանում են, ջերմատվությունը նվազում է, արյունը մղվում է դեպի կենսական կարևոր օրգաններ՝ ապահովելով դրանց հաստատուն ջերմաստիճանը։
  • Քրտնարտադրությունը նվազում է:
  • Առաջանում է դող, և մկանների կծկումների շնորհիվ մեծանում է ջերմարտադրությունը:
  • Դանդաղում է անոթազարկը։ Արյունն ավելի դանդաղ է հոսում, և ջերմատվությունը նվազում է:
  • Տրոհվում են մարմնի ճարպերը՝ արտադրելով ջերմություն:

Ինչպե՞ս է մարմինն արձագանքում միջավայրի բարձր ջերմաստիճանին

  • Մաշկի արյունատար անոթները լայնանում են։ Դրա հետևանքով մեծ քանակությամբ տաք արյուն է մղվում մաշկ, որից ավելորդ ջերմությունը փոխանցվում է միջավայրին՝ հովացնելով մարմինը:
  • Քրտնարտադրությունն ուժեղանում է:
  • Հաճախանում է անոթազարկը։ Արագանում է արյան շրջանառությունը և ավելի շատ ջերմություն է փոխանցվում միջավայրին:
  • Հաճախանում է շնչառությունը։ Ավելի շատ օդ է անցնում դեպի թոքեր՝ սառեցնելով թոքերի արյունատար անոթների արյունը:

Ջերմային ցնցումներ

Ջերմային ցնցումները կմախքային մկանների ցավոտ կծկումներն են, որոնք սովորաբար առաջանում են շոգ պայմաններում ֆիզիկական աշխատանք կատարելիս։ Ջերմային ցնցումներ ավելի հաճախ հանդիպում են մարզիկների մոտ։ Ավելի հաճախ ջերմային ցնցման ենթարկվում են ոտքերի, որովայնի, ձեռքերի մկանները։ Տաք կամ նույնիսկ նորմալ ջերմաստիճանի պայմաններում ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածության դեպքում մկանային աշխատանքը բերում է մեծ քանակով ջերմության արտադրման, որի հետևանքով ուժեղանում է քրտնարտադրությունը։ Տուժածի մարմնի ջերմաստիճանը չի փոխվում։ Ժամանակին ցուցաբերված առաջին օգնության դեպքում ջերմային ցնցումները լուրջ խնդիր չեն ներկայացնում:

Առաջին օգնությունը
 
Խորհուրդ տվեք տուժածին դադարեցնել ֆիզիկական աշխատանքը, նույնիսկ եթե ցնցումները դադարել են։ Զգուշորեն ձգեք և նուրբ մերսեք ցնցվող մկանը։ Տեղափոխեք տուժածին հով, ստվերոտ վայր։ Տուժածին տվեք հանքային ջրեր, սառը հյութեր:
 
Ջերմային հյուծում 
 
Ջերմային հյուծումը շոկի տեսակ է, որը զարգանում է առատ քրտնարտադրության հետևանքով մարմնի ջրազրկումից։
 
Տաք միջավայրում երկարատև լարված աշխատելու ընթացքում քրտնարտադրությունն ուժեղանում է։ Դրա հետևանքով տուժածը մեծ քանակությամբ հեղուկ և աղեր է կորցնում։ Շոգ օրվա ընթացքում մարդը քրտնելու արդյունքում կարող է կորցնել մինչև. 10 լիտր հեղուկ։ Առատ քրտնարտադրության հետևանքով մարմնում նվազում է արյան ծավալը։ 
 
Կենսական կարևոր օրգանների արյունամատակարարումն ապահովելու համար նեղանում են մաշկի և վերջույթների արյունատար անոթները։ Զարգանում է շոկային իրավիճակ՝ ջերմային հյուծում։ Ջերմային հյուծմանը կարող են նախորդել ջերմային ցնցումները։ Ջերմային հյուծումն ավելի հաճախ հանդիպում է մարզիկների, հրշեջների, շինարարների և նրանց մոտ, ովքեր տաք հագնված երկար ժամանակ գտնվում են շոգ և բարձր խոնավության պայմաններում։ Տուժածի մարմնի ջերմաստիճանը կարող է լինել նորմալ, կամ սովորականից մի փոքր ցածր կամ բարձր:
 
Նշանները
  • սառը, խոնավ, գունատ մաշկ,
  • գլխացավ, գլխապտույտ,
  • թուլություն,
  • ծարավի զգացում,
  • սրտխառնոց, փսխում,
  • արագացած, թույլ անոթազարկ,
  • հաճախացած շնչառություն:
Առաջին օգնությունը
  • Խորհուրդ տվեք տուժածին դադարեցնել ֆիզիկական աշխատանքը:
  • Տեղափոխեք տուժածին հով, ստվերոտ վայր:
  • Պառկեցրեք տուժածին, բարձրացրեք նրա ոտքերը մոտ 25 սմ:
  • Թուլացրեք ճնշող կապերը և թեթևացրեք հագուստը:
  • Եթե տուժածը գիտակից վիճակում է, տվեք ջրազրկման ժամանակ տրվող սառը հեղուկից (տե՛ս հավելված 3), կամ սառը հանքային ջրեր:
  • Ահազանգեք շտապ օգնություն:
  • Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն:
Ջերմային հարված
 
Ջերմային հարվածը կյանքին սպառնացող վիճակ է, երբ բարձր ջերմաստիճանի հետևանքով խաթարվում է մարմնի ջերմակարգավորումը։ Արդյունքում մարմնի ջերմաստիճանը կտրուկ բարձրանում է, և խանգարվում է մարմնի բոլոր համակարգերի գործունեությունը։ Այս վիճակը կարող է զարգանալ շատ արագ: 
 
Հաճախ ջերմային հարվածը հաջորդում է ջերմային հյուծմանը։ Ջերմային հյուծման ժամանակ մարմինը, հեղուկի հետագա կորուստը կանխելու նպատակով, դադարեցնում է քրտնարտադրությունը։ Կենսական կարևոր օրգանների արյունամատակարարումը պահպանելու համար նեղանում են մաշկի արյունատար անոթները; Մարմինը չի կարողանում արդյունավետ հովանալ, ուստի արագ բարձրանում է մարմնի ջերմաստիճանը, և զարգանում է ջերմային հարված։ Կենսական կարևոր օրգանների գործունեությունը խաթարվում է։ Եթե մարմինը չի սառեցվում, ի հայտ են գալիս ջղաձգություններ, գիտակցության կորուստ։ Տուժածը կարող է նույնիսկ մահանալ։
 
Նշանները
  • մարմնի բարձր ջերմաստիճան (40°C-ից բարձր),
  • կարմրած, տաք, չոր մաշկ,
  • գլխացավ, գլխապտույտ,
  • չորություն բերանում, ծարավի զգացում,
  • գիտակցության արագ զարգացող խանգարում,
  • արագացած, սկզբում լեցուն, հետագայում թույլ, անկանոն անոթազարկ,
  • հաճախացած, մակերեսային և աղմկոտ շնչառություն։ 
Առաջին օգնությունը
  • տեղափոխեք տուժածին հով, ստվերոտ վայր, 
  • արագ սառեցրեք տուժածի մարմինը, ընտրելով ստորև թվարկվող ձևերից իրավիճակին առավել հարմար տարբերակները,
  • թեթևացրեք տուժածի հագուստը,
  • նախօրոք զգուշացնելով՝ տուժածի իրանին ուղղեք սառը ջրի ոչ ուժեղ շիթ,
  • տուժածին ծածկեք թաց սավանով,
  • հովհարեք տուժածին,
  • դրեք սառը թրջոցներ կամ սառցապարկեր անութափոսերում, աճուկային հատվածում, պարանոցի շրջանում։ 
  • եթե տուժածը գիտակից է, տվեք նրան սառը հեղուկ և խորհուրդ տվեք խմել կումերով։ 
  • տասը րոպեն մեկ չափեք տուժածի մարմնի ջերմաստիճանը։ Շարունակեք սառեցնել տուժածի մարմինը, մինչև ջերմաստիճանը հասնի 38°C: Այդ դեպքում դադարեցրեք տուժածի մարմնի սառեցումը։ Շարունակեք չափել մարմնի ջերմաստիճանը յուրաքանչյուր կես ժամը մեկ, բանի որ հնարավոր է, որ այն կրկին բարձրանա։ Այդ դեպքում վերսկսեք տուժածի մարմնի սառեցումը:
  • Հնարավորինս արագ ահազանգեք շտապ օգնություն:
  • Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.
The information was provided by the Med-Practic Company