Encyclopedia

Ռեգբի

Ռեգբին ձվաձև գնդակով թիմային մարզախաղ է՝ H-աձև դարպասներով, 100x70 մ չափերով հատուկ խոտածածկ խաղահրապարակում:

Այս խաղն իր անունն ստացել է անգլիական Ռեգբի քաղաքի անվանումից, որտեղ 1823 թ-ին կազմակերպվել է ժամանակակից ռեգբիի առաջին մրցումը:

 

 Խաղի նպատակն է գնդակը ձեռքով միմյանց փոխանցելով (միայն դեպի հետ) կամ ոտքով հարվածելով (ցանկացած ուղղությամբ) հասցնել հակառակորդի հաշվարկային դաշտ՝ դարպասային գծից այն կողմ, և այն հպել գետնին կամ ոտքի հարվածով անցկացնել H-աձև դարպասի հորիզոնական դարպասաձողի վրայով: Առավել տարածված է Ռեգբիի միության (սիրողական ռեգբի խաղացողների միություն) կանոններով խաղը (յուրաքանչյուր թիմում խաղում է 15 մարզիկ), որը խաղում են Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Նոր Զելանդիայում, Ավստրալիայում: 
 
Ռեգբիի միության կանոններով խաղացող երկու թիմերի հարձակվողները պայքարում են գնդակի համար, որն այնուհետև փոխանցում են կա'մ «պայքարող», կա'մ «թափառող» կիսապաշտպաններին: Այդ երկուսը զարգացնում են գրոհը և որոշում խաղի հետագա ընթացքը. կա՜մ գնդակը վայր դնել հակառակորդի հաշվարկային դաշտում`   դարպասային գծից այն կողմ (ներսբերում), կա՜մ գետնից հետ թռչող գնդակը ոտքով հարվածել դարպասին (դրոփ գոլ), կա՜մ գնդակը փոխանցել «երեք քառորդային» պաշտպաններին, որոնք կավարտեն գրոհը: Յուրաքանչյուր տարբերակի համար տրվում են որոշակի միավորներ: Հաղթում է ավելի շատ միավոր հավաքած թիմը:
 
Ռեգբիի լիգայի (պրոֆեսիոնալ ռեգբի խաղացողների միություն) կանոններով խաղը (յուրաքանչյուր թիմում խաղում է 13 մարզիկ) հիմնականում տարածված է Ավստրալիայում և Անգլիայի հյուսիսում, որտեղ առաջացել է այդ խաղը:
Ռեգբիի լիգայի կանոններով թույլատրվում է ուժով խլել գնդակը, բայց 5 անգամից ոչ ավելի: 
Ե՜վ մեկ, և՜ մյուս դեպքում խաղը բաղկացած է 40-րոպեանոց 2  խաղակեսից՝ 10 րոպե ընդմիջումով:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.