Encyclopedia

Տեխնիկա և տեխնոլոգիաներ

Տեխնիկան մարդու գործունեության արհեստական միջոցների ամբողջությունն է:

Այն անցել է զարգացման երկար ուղի. ավելի քան միլիոն տարի առաջ պատրաստված առաջին նմուշներից՝ պարզունակ քարե գործիքներից, տեխնիկան հասել է մինչև արտադրությունում բազմապիսի օգտակար գործողություններ կատարող ժամանակակից բարդ ինքնաշխատ մեքենաներ: Արտադրության զարգացման համար նաև կարևոր դեր են խաղում հումքի, նյութերի և շինվածքների ստացման, մշակման կամ վերամշակման եղանակների համախմբերը՝ տեխնոլոգիաները: Ավտոմեքենաները, ինքնաթիռները, համակարգիչները ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման առանձին նմուշներ են:

Երբեմն նոր տեխնոլոգիաների ստեղծման համար հիմք են դառնում գիտական հայտնագործությունները: Օրինակ՝ ռենտգենյան ճառագայթների հայտնագործումից հետո մարդիկ բացահայտեցին, որ ռենտգեն նկարահանումը կարելի է կիրառել անլուսաթափանց առարկաների միջով նկարներ ստանալու համար: Այլ դեպքերում, ընդհակառակը, գիտնականները հետազոտություններ են կատարում նոր տեխնոլոգիաներ ստեղծելու նպատակով: 
 
Գոյություն ունեն ամենատարբեր բնագավառների  բազմապիսի տեխնոլոգիաներ. օրինակ՝ օգտագործելով նյութերի ստացման բնագավառում ստեղծված տեխնոլոգիաները՝ մարդիկ արտադրում են նոր տեսակի պլաստմասսաներ, գործվածքներ, մետաղներ և շինանյութեր: Սննդի ոլորտի տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս մշակելու սննդի պատրաստման, պահպանման և փաթեթավորման նոր եղանակներ: Ճարտարագետ-տեխնոլոգները նախագծում են նոր ավտոմեքենաներ, ճանապարհներ, կամուրջներ, քիմիական գործարաններ և ամենաբազմապիսի մեքենաներ: 
 
Ժամանակակից տեխնոլոգիաների նվաճումներից են 1960-ական թվականներին ստեղծված չիփերը, որոնք պարունակում են հազարավոր էլեկտրոնային տարրեր, թեև դրանք քորոցի գլխիկից էլ փոքր են: Չիփերն ավելի էժան ու երկարակյաց են սովորական էլեկտրական տպատախտակներից (պլատա) և սրանցից ավելի արագ են աշխատում:

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.