Health Corner

ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրը՝ «Հասնել զրոյի» կարգախոսով

Դեկտեմբերի 1-ը ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրն է: Օրվան ընդառաջ նոյեմբերի 30-ին ՀՀ առողջապահության նախարարությունում տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որի ընթացքում Մարդու իմունային անբավարարության վիրուսին և Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշին հակազդման ուղղությամբ տարվող աշխատանքներին, ձեռքբերումներին և առկա խնդիրներին անդրադարձան ՀՀ ԱՆ նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Մանյա Հենրիետ Աարենսը, ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը:

«2011 թվականից սկսած մինչև 2015 թվականը ՁԻԱՀ-ի օրն անցկացվելու  է  «Հասնել  զրոյի»  կարգախոսով: Դա հանրահայտ երեք զրոների կարգախոսն է, երբ երկրները 2011թ. հունիսին կայացած  ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ ընդունեցին  հռչակագիր, որով հաստատեցին իրենց որոշումը՝ հասնել երեք զրոների`   մահվան դեպքեր, վարակման նոր դեպքեր  ու խտրականություն»,- նշեց ՀՀ ԱՆ նախարարի տեղակալ  Սերգեյ Խաչատրյանը: Նրա խոսքով`   այս որոշմամբ պայմանավորված, Հայաստանում ևս անցկացվում  են լայնածավալ աշխատանքներ`    ընդհանուր  նպատակին հասնելու համար: Սերգեյ Խաչատրյանն աշխատանքների իրականացման հարցում կարևորեց ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի դերը, որը լինելով ՀՀ առողջապահության նախարարության մաս, իրականացնում է հատուկ մշակված  պետական ռազմավարական ծրագիր`   պայքարելու ՁԻԱՀ-ի դեմ: Խոսելով անցած տարիներին գրանցած հաջողություններից`   բանախոսը ուրախությամբ փաստեց`   կան ձեռքբերումներ. 2001 թվականից մինչև հիմա Հայաստանում չի գրանցվել  դոնորական արյան միջոցով ՄԻԱՎ  վարակի փոխանցման ոչ մի դեպք, 2007-ից մինչ օրս էլ չի եղել նաև մորից երեխային վարակի փոխանցման դեպք: Նախարարի տեղակալը նշեց. Հայաստանում այժմ իրականացվում է ռետրովիրուսային բուժում բոլոր այն վարակված անձանց համար, ովքեր դիմում են իրենց և ունեն բուժման ցուցումներ, բացի այդ կան  նաև անվճար կոնսուլտացիարներ ու խորհրդատվություն կարիք ունեցողների ու դիմողնեորի  համար:

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ռազմավարության մեջ Ս. Խաչատրյանը մեծ նշանակություն տվեց վարակի կանխարգելմանն ուղղված գործողություններին`   դրանցից առանձնացնելով հատկապես դպրոցներում և բուհերում անցկացվող հատուկ կրթական ծրագրերը: Ս. Խաչատրյանը կարևորեց նաև միջազգային կազմակերպությունների ցուցաբերած օգնությունը`   հավելելով, որ միայնակ շատ դժվար կլիներ պայքարել վարակի դեմ:
 
ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Մանյա Հենրիետ Աարենսը, թեման շարունակելով, ուրախությամբ հայտնեց,  որ Հայաստանում ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի վարակը բարձր տոկոս չի կազմում: «Պետք է շատ մեծ ուշադրություն դարձնել ծառայությունների որակին»,- հավելեց Աարենսը: Ըստ նրա`   Հայաստանում ՄԻԱՎ-ի տարածմանն ամենաշատը նպաստում է միգրացիան. շատ հայեր գնում են Ռուսաստան, Ուկրաինա, որտեղ վարակը բավական տարածված է, և, իրազեկ չլինելով, դառնում վարակակիր, ուստի շատ կարևոր է բնակչության իրազեկվածությունը:
 
ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը ներկայացրեց ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ով վարակվածների վիճակագրական վերջին տվյալներն աշխարհում և Հայաստանում: Ըստ այդ տվյալների`   2011թ. դրությամբ, աշխարհում կա 34 մլն ՄԻԱՎ-ով ապրող մարդ. նրանց գերակշիռ մասը`   23,5 մլն-ը, Աֆրիկայում, իսկ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց թիվը հասել է 1,4 մլն-ի:
 
Հայաստանում 1988 թվականից մինչև 2012թ. նոյեմբերի 30-ը  գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1359 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 206-ը`   2012թ. 11 ամիսների ընթացքում, ինչն առավելագույն ցուցանիշն է բոլոր նախորդ տարիների համեմատ: ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները`   954 մարդ, իգական սեռի՝  405 մարդ, իսկ 26 դեպք էլ գրանցվել է երեխաների շրջանում: Ինչպես նշեց Ս.Գրիգորյանը, թիրախային տարիքային խումբը 25-39 տարեկաններն են: 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.
The information was provided by the Med-Practic Company