Encyclopedia

Շարժիչներ

Շարժիչները մեխանիզմներ են, որոնք էներգիայի որևէ տեսակը փոխակերպում են մեխանիկական աշխատանքի:

Շարժիչները նաև էներգիա են արտադրում ավտոմեքենաներն ու տրանսպորտի այլ միջոցներ շարժման մեջ դնելու համար: Առաջին շարժիչները ջրանիվն ու հողմաղացն էին, որոնք օգտագործում էին ջրի և քամու էներգիան: Ջրանվի դեպքում հոսող ջուրը հարվածում է թիերին և պտտում երկանքին միացված թիանիվը: Արդյունքում`   ջուրը սկսում է ցորեն աղալ: Մարդիկ հարկադրեցին աշխատել նաև քամուն՝ բլուրների վրա հողմաղացներ կանգնեցնելով:Սակայն այդ շարժիչները մի խոշոր թերություն ունեին. շոգ ամռանը գետը ծանծաղում էր, ջրանիվը կանգ էր առնում, իսկ հանդարտ եղանակին անշարժանում էին հողմաղացի թևերը:

Եվ ահա`   շուրջ 2 հարյուր տարի առաջ, երևան եկան շոգու ուժով աշխատող շարժիչներ: Սեղմված շոգին մղում էին գլանի մեջ, որտեղ այն հետ ու առաջ շարժելով մխոցը`   պտտեցնում էր շոգեքարշի անիվները կամ շոգենավի թիանիվը: Այդ շարժիչն անվանեցին շոգեշարժիչ: Մինչև XX դարի սկիզբը շոգեշարժիչներն աշխատեցնում էին գնացքներ, նավեր, արտադրամասերի հաստոցներ: Լավ աշխատելով հանդերձ`   շոգեշարժիչները չափազանց ծանր էին ու մեծածավալ:
 
Անցան տարիներ, և ասպարեզ եկավ նոր, ավելի թեթև շարժիչ: Սա նույնպես կազմված է մխոցավոր գլանից, սակայն շոգու փոխարեն գլան է մատուցվում հեղուկ վառելիք՝ բենզին, կերոսին: Գլանի ներսում վառելիքն այրում են, օրինակ, էլեկտրական կայծով, այրման ընթացքում առաջացած գազերը ճնշում են մխոցի վրա և տեղաշարժում այն: Քանի որ վառելիքն այրվում է շարժիչի ներսում, այն անվանեցին ներքին այրման շարժիչ: Այս շարժիչը մեծ շոգեկաթսայի կարիք չունի, և այն կարելի է տեղադրել և՜ նավերում, և՜ ավտոմեքենաներում, և՜ մոտոցիկլներում: Ներկայումս ներքին այրման շարժիչները գործնականում ամբողջովին դուրս են մղել շոգեշարժիչներին:
 
Ավելի ուշ պարզվեց, որ գործածման համար շատ ավելի հարմար է էլեկտրական շարժիչը. այն շատ չի աղմկում, բենզինի կամ այլ վառելիքի կարիք չունի և բավական է միայն միացնել հոսանքի ցանցին: Ներկայումս բազմաթիվ հաստոցներում և տրանսպորտի որոշ միջոցներում, հատկապես գնացքներում, գործում են էլեկտրական շարժիչներ: 
 
Ժամանակակից ինքնաթիռներում տեղադրված են բոլորովին նոր տեսակի՝ ռեակտիվ շարժիչներ: Դրանք օժտված են մեծ հզորությամբ, իսկ շարժվող տարրերն ավելի քիչ են, քան ներքին այրման շարժիչներում:
 
Ռեակտիվ շարժիչի շարժիչ ուժն ստեղծվում է գազերի միջոցով, որոնք  առաջանում են շարժիչի այրման խցում այրվող վառելիքից և շիթով արտանետվում են: Գազերի հոսքի հակառակ ուղղությամբ առաջանում է այսպես կոչված հետհրման ռեակտիվ ուժ, որը և շարժման մեջ է դնում մեքենաները: Պինդ վառելանյութով աշխատող ռեակտիվ շարժիչները գործում են գրեթե հազար տարի առաջ ստեղծված վառոդապատիճների սկզբունքով, որոնք դրվում էին մարտական և ազդանշանային հրթիռներում: Դրանք կիրառվում են նաև ժամանակակից մարտական հրթիռներում, սակայն վառոդի այլ բաղադրությամբ:
Իսկ ինքնաթիռների համար ստեղծվել են օդային ռեակտիվ շարժիչներ. չէ՞ որ օդում շատ թթվածին կա: Օդն այրման խցում միախառնըվում է կերոսինի գոլորշիներին: Այդ խառնուրդն այրվում է, առաջանում են շատ տաք գազեր, որոնք, դուրս հորդելով շարժիչից, ինքնաթիռը մղում են առաջ: Ռեակտիվ շարժիչն ինքնաթիռն առաջ է մղում ժամում 3500 կմ արագությամբ:
 
Հրթիռային շարժիչներին օդ հարկավոր չէ, քանի որ հրթիռում թթվածնի պաշար կա, ուստի դրանք կարող են ուղեծիր դուրս բերել տիեզերանավեր և աշխատել Տիեզերքում, որտեղ թթվածին չկա: Որոշ տիեզերանավերում գործածվում է պինդ վառելանյութ, մյուսները թռչում են հեղուկ ջրածնի և հեղուկ թթվածնի շնորհիվ, որոնք այրման խցում միախառնվում են ու բոցավառվում:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.